Վանաձորի սուբվենցիոն ծրագրերը թե՛ ծավալային և թե՛ ֆինանսական առումով աննախադեպ են. մարզպետը ծանոթացել է ընթացքին
Լոռու մարզպետարանը հայտնում է, որ այս տարի Վանաձորի սուբվենցիոն ծրագրերը թե՛ ծավալային և թե՛ ֆինանսական առումով աննախադեպ են. կիրականացվի 4 ծրագիր՝ ընդհանուր առմամբ 1 մլրդ 360.6 մլն դրամ ներդրմամբ (754.6 մլն դրամ՝ պետբյուջեի միջոցներից, 438.8 մլն դրամ համայնքային ներդրում, մնացածը՝ այլ):
Աշխատանքների մեկնարկը, բացառությամբ մի քանի օբյեկտների, հիմնականում տրված է. իրականացված շրջայցի ընթացքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դիտարկումներն այս փուլում՝ գոհացուցիչ էին.
«Յուրաքանչյուր տարի պետք է փորձենք կրկնապատկել և եռապատկել ծավալները, որպեսզի կարողանանք կարճ ժամանակում լուծում տալ առկա բոլոր խնդիրներին: Կարծում եմ՝ համայնքապետարանը գոնե այս անգամ պետք է խիստ վերահսկողություն սահմանի, որպեսզի չունենանք նախորդ տարվա տխուր պատկերը՝ ժամկետների և աշխատանքների որակի հետ կապված: Մենք ինքներս պետք է շարունակենք հետևողական լինել ցանկացած թերության վերացման ուղղությամբ:Կարծում եմ՝ շինարարներն արդեն հասկացել են մեր հստակ դիրքորոշումը այս հարցի նկատմամբ. կրկնում եմ՝ պետական միջոցների փոշիացում թույլ չենք տալու»,-նշել է մարզի ղեկավարը:
Մարզպետը շրջայցի ընթացքում եղել է Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանում, Հ. Կլեկչյանի անվան մշակույթի տանը, Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կառուցվելիք այգիների տարածքներում:
Վերջին կանգառը Շառլ Ազնավուրի զբոսայգին էր, որտեղ ներկայում հողային աշխատանքներ են ընթանում:
Թեև յուրաքանչյուր վանաձորցու համար այսքան երկար սպասված ծրագիրն ի վերջո կյանքի է կոչվում, սակայն խնդիրների պակաս, ըստ մարզպետարանի հաղորդագրության, այստեղ ևս չի զգացվում. զբոսայգու 5265 քառ.մ տարածքը դեռևս 2007թ.-ին վարձակալությամբ հանձնվել է «Կառավար Դան» ՍՊԸ-ին, որից էլ 2010թ.-ին ենթավարձակալությամբ տարածքը վերցրել է քաղաքացի Արկադի Փելեշյանը:
Մինչ օրս, սակայն, բացառությամբ բիզնես նպատակների համար օգտագործվող սրճարանի կառուցման, բարեկարգման որևէ այլ աշխատանք չի կատարվել: Այս հարցի վերաբերյալ Անդրեյ Ղուկասյանը իր հստակ դիրքորոշումն ունի. քաղաքային նախկին իշխանությունների որդեգրած վարքագիծը շարունակում են ներկայիս իշխանությունները.
«Քաղաքի համար պատմական նշանակություն ունեցող այս զբոսայգում նման երևույթն անթույլատրելի է, վարձակալության գումարի չափը ևս անընդունելի է: Նմանատիպ պատկեր ունենք նաև Երկաթուղայինների զբոսայգում: Ակնկալում եմ, որ քաղաքային իշխանությունները, ավագանին տեր կանգնեն համայնքային շահերին և աշխատանքները կազմակերպեն՝ բացառապես այս սկզբունքից ելնելով: Այս երևույթը կարող եմ որակել մեկ բառով՝ փնթի կառավարում»,-ասում է մարզի ղեկավարը և նշում, որ յուրաքանչյուր վանաձորցի պետք է անհանդուրժող լինի նմանատիպ երևույթների նկատմամբ՝ քաղաքային իշխանություններին պարտադրելով գործել ի շահ համայնքի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել