HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում ճանապարհաշինական թերությունները շտկելու վերջնաժամկետն օգոստոսի 1-ն է

Լոռու մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հերթական շրջայցը մարզկենտրոն Վանաձորում՝ նպատակ ուներ ուսումնասիրելու 2019թ.-ին սուբվենցիոն միջոցներով իրականացված, սակայն որակական լուրջ խնդիրների պատճառով այդպես էլ չընդունված ճանապարհաշինական ծրագրերը, շինարարի հետ քննարկելու հետագա քայլերը:

Ինչպես հայտնի է, նախորդ տարի մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը՝ «Մ. Բուատ» ՍՊԸ-ն, պարտավորվել էր հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ էր իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել և վճարվել էր միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց), 5-ում որակի հետ կապված խնդիրներ էին արձանագրվել: Լանջային փողոցի կառուցման անորակության փաստն ընդունել էր նաև շինկազմակերպությունը. այստեղ աշխատանքները պետք է իրականացվեն նորովի:

Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում եղավ Տավրոսի 8-րդ փողոցում, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող հատվածում, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասում, Լանջային և Լազյան փողոցներում: Աշխատանքների անորակությունը տեսանելի էր անգամ անզեն աչքով, համեմատաբար բարվոք էր վիճակը միայն Լազյան փողոցում, թեև վերջնական արդյունքի մասին կարելի կլինի խոսել միայն լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո:

«Առաջարկում եմ ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 1-ը, վերացնել թերությունները, որից հետո հարցը կկարողանանք քննարկել արդեն կառուցողական դաշտում: Այլընտրանք չկա. անորակ աշխատանքները միանշանակ չեն ընդունվելու»,-դիմելով շինկազմակերպության ներկայացուցչին՝ ասաց Ա. Ղուկասյանը:

Շինարարը պատրաստակամ է, իսկ կկարողանա հասցնել, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը. օգոստոսի 1-ին ընդամենը հաշված օրեր են մնացել:

Մարզի ղեկավարը շինհրապարակներում կլինի նաև ժամկետի ավարտին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter