Հավաքների իրականացման սահմանափակումները հանելու վերաբերյալ ԲՀԿ նախագիծը մերժվեց
Ազգային ժողովի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր արտակարգ դրության ռեժիմի երկարագձման հարցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է չեղարկել հավաքներ, հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները: Նախագիծը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Այս փաստաթղթի վրա մենք աշխատել ենք մեր արտախորհրդարանական գործընկերների հետ` «Հայրենիք» կուսակցության, Դաշնակցության հետ, և սա, ըստ էության, այդ քննարկումների արդյունքում է մշակվել»,-ասաց Աբովյանը:
Աբովյանի խոսքով` հակահամաճարակային պայքարի պատրվակով արգելվել են քաղաքական հանրային միջոցառումները:
Պարետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով առաջարկվող նախագծին, ասաց, որ չի կարելի ամենառիսկային միջոցառումների իրականացումը թույլ տալ:
«Եթե հիշում ենք, թե այս պատմությունը ինչից սկսեց, պետք է նաև հիշենք, որ ամենասկզբում նմանատիպ մի միջոցառումից մոտավորապես 50-70 վարակակիր ունեցանք: Եվ նմանատիպ միջոցառումները` լինեն հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, որևէ կերպ չեն կարող էս իրավիճակում թույլատրվել, մենք ուզում ենք օր առաջ նման միջոցառումներ թույլ տալ և բոլոր սահմանափակումները հանել, բայց այս իրավիճակում նման առաջարկ քննարկել չարժե»,-ասաց Ավինյանը:
Նախագիծը ներկայացվեց քվեարկության և մերժվեց 21 կողմ, 60 դեմ ձայներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել