
Արարատի մարզում առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի զարմուհին
Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում առաջիկայում իր թեկնածությունը կառաջադրի Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը: Նա ՀՀԿ-ի անդամ է արդեն 9 տարի: Կարինե Պողոսյանը Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է՝ մորաքրոջ թոռնուհին:
Կ. Պողոսյանը թեև հաստատ չասաց, որ առաջադրվելու է, սակայն ՀՀԿ-ից մեզ ասացին, որ կուսակցությունը հենց նրա թեկնածության վրա է կանգ առել: «Դեռ ոչինչ չկա, ինքս էլ եմ լսել, որ կուսակցությունը պատրաստվում է առաջադրել իմ թեկնածությունը: Եթե կուսակցությունը որոշի, որ ես պիտի լինեմ, ուրեմն անպայման կլինեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կարինե Պողոսյանը:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ թեև լուրեր են շրջանառվել, թե թիվ 17 ընտրատարածքում առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, սակայն, թե կուսակից ընկերները, թե Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանները ցանկացել են, որ Արտաշատի տարածաշրջանը Ազգային ժողովում ներկայացնի կին պատգամավոր: Ավելին, ըստ Կարինե Պողոսյանին, կին թեկնածու ունենալու նախաձեռնողները եղել են հենց Աբրահամյան եղբայրները:
Կարինե Պողոսյանն նշեց, որ պատգամավոր լինելու մեծ ցանկություն ունի: «Արդեն քանի տարի է, ՀՀԿ-ի շրջանային կազմակերպության փոխնախագահն եմ եղել, 3 տարի է, դպրոցի տնօրեն եմ: Դե, մտածում եմ, որ մինչև հիմա հասցրել ենք, կարողացել ենք դժվարությունները հաղթահարել, առավել ևս հիմա պատրաստ եմ հանուն մեր կուսակցության, ժողովրդի ծառայելու»,- հավելեց Կարինե Պողոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել