
Դատավոր Դավիթ Գրիգորյանին արդարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
Դատավոր Դավիթ Գրիգորյանին և նրա նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին արդարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործը հուլիսի 2-ին մակագրվել է, նախագահող դատավորը Սևակ Համբարձումյանն է, կազմում են դատավորներ Նարինե Հովակիմյանն ու Արսեն Նիկողոսյանը։
Վերջինս այն դատավորն է, ով 2019 թվականի օգոստոսին քննել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու թույլտվության դեմ նրա պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքն ու բավարարել այն։
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի և դրան օժանդակելու մեջ մեղադրվող դատավորի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով՝ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում։ Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։
Հիմնավորումներում դատավորը պարբերաբար անդրադարձել է Արթուր Դավթյանի իրավական գնահատականներին ու մեկնաբանություններին, գրել, որ գլխավոր դատախազն իմաստազրկել է դատավորի անձեռնմխելիության ինստիտուտը, վարույթն իրականացնող մարմնին զրկել բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հնարավորությունից։
Վերաքննիչ դատարանում դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ դատարանի կազմի կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Մեկնաբանել