
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ իրար դեմ
Այսօր մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքային հանձնաժողովներին առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել մի քանի թեկնածուներ: Որոշ ընտրատեղամասերում իրար հետ մրցելու են կոալիցիոն գործընկերներ՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի թեկնածուները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ թիվ 9 ընտրատարածքում (Կենտրոն, Աջափնյակ) առաջադրվել են հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանը եւ ԲՀԿ անդամ Նապոլեոն Ազիզյանը:
Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում այսօր առաջադրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր, ՀՀԿ-անդամ Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը:
Արարատի մարզի թիվ 16 ընտրատարածքում իրար դեմ պայքարելու են բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Մուրադ Մուրադյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը:
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում այսօր պատգամավորության թեկնածու է առաջադրվել Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Նա մրցելու է Սեդրակ Սարոյանի` գեներալ Սեյրանի հետ: Երկու թեկնածուներն էլ հանրապետական են, սակայն ՀՀԿ-ն սատարում է Սեդրակ Սարոյանին, իսկ Հակոբ Հակոբյանն ինքնառաջադրվել է:
Մարզի թիվ 20 ընտրատարածքում այսօր ինքնառաջադրվել է մենատնտես Էդվարդ Անտոնյանը: Նրա մրցակիցը լինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:
Գեղարքունիքի մարզի թիվ 23-ում առաջադրվել է «Ապակեմեկուսիչ» ԲԲԸ-ի տնօրեն, ԲՀԿ անդամ Էդուարդ Սահակյանը, իսկ մարզի թիվ 24 ընտրատարածքում հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ ընտրապայքարի մեջ կմտնի նախկինում կոմունիստ, ներկայումս անկուսակցական Խորեն Սարգսյանը:
Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքում առաջադրվել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, իսկ թիվ 27-ում՝ ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար, հանրապետական Համլետ Հայրապետյանը:
Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում առաջադրվել է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ թիվ 36 ընտրատարածքում ընտրապայքարի մեջ են մտնելու միանգամից երկու պատգամավոր: Այսօրվա դրությամբ առաջադրվել են հանրապետական Մխիթար Վարագյանը եւ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Վերջինս ԲՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան է անցել 2011թ. նոյեմբերի 3-ից:
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում հանրապետական Հայկ Գրիգորյանը կմրցի Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ:
Մարքսիստական կուսակցության նախագահ, թերապեւտ Դավիթ Հակոբյանը Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում ընտրապայքարի դուրս կգա հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ (Պիվի Հակոբ):
Մեկնաբանել