
Էդմոն Մարուքյանը ֆինանսական աջակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեց կառավարությանը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստին կառավարությանն առաջարկեց թույլատրել բողոքի ակցիաների կազմակերպումը: Ըստ պատգամավորի՝ մեկ անձի կողմից բողոքի ձայն արտահայտելը չի կարող համարվել արտակարգ դրության ռեժիմի խախտում և բոլոր այն դեպքերում, երբ մեկ անձը բողոքում է և նրան բերման են ենթարկում, ապա խախտում են նրա իրավունքները:
«Իմ անկեղծ կարծիքով՝ այս իշխանությունը ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ երկրում կարող են լինել բողոքի ակցիաներ: Հետևաբար բոլոր այն հիմնավորումները, որ այս արտակարգ ռեժիմը պահպանվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն, ես այդ գծի մեջ չեմ և այդպես չեմ կարծում: Մտահոգությունը առողջությունն է. եկե՛ք պայմաններ սահմանենք, մտածենք, թե նրանք ինչ ձևով կարող են իրենց բողոքի ձայնը հնչեցնել»,- նշեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:
Էդմոն Մարուքյանը առաջարկեց նաև գտնել իրապես գործազուրկ դարձած մարդկանց և ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Պատգամավորի խոսքով՝ 70 հազարից ավել արտագնա աշխատանքի մեկնածներ վերադարձել են Հայաստան, քանի որ չեն կարողացել դրսում աշխատել և գումար վաստակել, ուստի նրանք և նրանց ընտանիքները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն:
«Այս մարդկանց խոսք էր տրվել, որ նրանք կներգրավվեն կապիտալ շինարարությունների մեջ, սակայն մենք հիմա խնդիր ունենք, որ կապիտալ շինարարությունները չունեն այն թափը, որ պետք է ունենային»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով արտագնա աշխատողներին ներգրավել կապիտալ շինարարության մեջ, իսկ նրանց, որոնց չի ստացվում ներգրավվել, կրկին ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Անդրադառնալով այն ընկերություններին, որոնց գործունեությունը արտակարգ դրության ռեժիմի խախտումներով պայմանավորված՝ կասեցվել է, ըստ Էդմոն Մարուքյանի՝ պետք է նրանց բաց թողնված եկամուտը պետությունը վերականգնի:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը:
Մեկնաբանել