Շվեյցարացիները օգնել են հայ հրշեջներին դառնալ հրշեջ-փրկարարներ
Մարտի 14-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխը ստորագրեցին համաձայնագիր`«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին (ՃԿԿ) խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու» ծրագրի վերաբերյալ:
Ստորագրված համաձայնագիրը կնպաստի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարդուն հրատապ օգնություն ցուցաբերող 911 ծառայության զարգացմանը։
-Շվեյցարիայի հետ համագործակցում ենք 2004 թվականից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը մեր լավագույն միջազգային գործընկերներից է,- նշեց նախարար Երիցյանը, - «Արձագանք» ծրագրի շրջանակներում ստեղծեցինք ապակենտրոնացված փրկարարական համակարգ, վերապատրաստման միջոցով հրշեջները դարձան հրշեջ-փրկարարներ։ Այսօր մեր շվեյցարացի գործընկերների հետ քայլեր ենք անում` ուղղված ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի զարգացմանը և հզորացմանը։
ԱԻՆ-ի նախաձեռնությամբ անցյալ տարվա դեկտեմբերից սկիզբ առած ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել աղետների ռիսկերի նվազեցման բնագավառում Հայաստանի կարողությունները` ԱԻՆ ՃԿԿ-ի գործունեության բարելավման շնորհիվ: Ծրագրի շրջանակներում մի խումբ միջազգային փորձագետներ ԱԻՆ-ին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն: Սերտորեն համագորակցելով ԱԻՆ մասնագետների հետ, փորձագետներն ի հայտ կբերեն առկա կարիքները և կմշակեն ՃԿԿ-ի գործունեության բարելավման առաջարկներ։
ՇԶՀԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխը նշեց, որ ստորագրված համաձայնագիրը ևս մեկ անգամ վերահաստատում է մեր երկրների միջև ստեղծված ընկերական կապերը։
-Մեր հիմնական նպատակն է նպաստել արտակարգ իրավիճակների նախարարության աղետներին դիմագրավելու կարողությունների հզորացմանը, - ավելացրեց պարոն Շոխը,- այդ ուղղությամբ անելիքներ դեռ շատ ունենք, բայց ես համոզված եմ, որ նաև մեր համագործակցության շնորհիվ Հայաստանը կբարելավի իր արդեն իսկ արդյունավետ գործող աղետների արձագանքման համակարգը։
ԱԻ նախարարի ուղեկցությամբ ՇԶՀԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխն այցելեց նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացավ դրա աշխատանքին և տեխնիկական հնարավորություններին։
Ստորագրված համաձայնագիրը ԱԻՆ-ի և ՇԶՀԳ-ի միջև արդյունավետ ու երկարատև համագործակցության շարունակությունն է: 2004 թվականից սերտորեն համագործակցելով ԱԻՆ-ի հետ` ՇԶՀԳ-ն աջակցել է աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում տարբեր ծրագրերի։ «Արձագանք» ծրագրի միջոցով (2006 – 2010 թթ.) ստեղծվեց ապակենտրոնացված փրկարարական համակարգը, ուսուցանվեցին փրկարարներ և հրշեջներ, հրշեջ մասերը վերազինվեցին անհրաժեշտ սարքավորումներով: Այնուհետև` երկու ենթածրագրերի շնորհիվ, փրկարարները և հրշեջները հանրային իրազեկման, բնակչության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի դասընթացներ անցան, ինչպես նաև ընտրված բուժանձնակազմը վերազինվեց անհրաժեշտ սարքավորումներով և անցավ նախահիվանդանոցային օգնություն ցուցաբերելու և արտակարգ իրավիճակներում փրկարարների հետ համագործակցելու դասընթացներ: «Բուժմիավորումներ» ծրագրի պիլոտային փուլի հաջող իրականացումը հիմք հանդիսացավ Հայաստանի չորս մարզերում ծրագրի 2-րդ փուլի իրագործման համար։
ՀՀ ԱԻՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել