
ՕԵԿ-ի թեկնածուն կլինի Ոսկեվազի համայնքապետը
Արագածոտնի մարզի Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը հաստատ որոշել է թիվ 15 ընտրատարածքում պատգամավոր ընտրվել: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց հենց համայնքապետը: Նա առաջիկա օրերին առաջադրման փաստաթղթերը կներկայացնի ընտրատարածքային հանձնաժողով:
Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը ՕԵԿ անդամ է եւ առաջադրվելու է հենց ՕԵԿ-ի կողմից: Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք չի վախենում մրցակցությունից, քանի որ թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն էլ թեկնածու ունի՝ ի դեմս Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի: Բացի այդ՝ այդ տարածքում կրկին առաջադրվելու ցանկություն ունի պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:
«Ումի՞ց վախենամ, ինչի՞ց վախենամ, ժողովուրդն է ընտրողը: Հանրապետականից վախենա՞մ, ի՞նչ կա վախենալու»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս օրերին Հայկ Հովհաննիսյանի կողմնակիցները հոգում են այն ընտրողների կարիքները, ովքեր անձնագրերի հետ կապված խնդիրներ ունեն: Օրինակ՝ իրենց հաշվին երկարացնում են անձնագրերի վավերականության ժամկետը, իսկ ով էլ անձնագիր չունի, օգնում են, որ նոր անձնագիր ստանա: «Ես Ձեզնից առաջին անգամ եմ լսում, որ նման բան կա»,- զարմացավ Հայկ Հովհաննիսյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ոսկեվազում նաեւ անձնագրային տվյալներ են հավաքում՝ մեկ անձնագրի համար վճարելով 10.000 դրամ:
Մեկնաբանել