
Արման Թաթոյանը բիզնես ոլորտում օմբուդսմենի առանձին կառույցի անհրաժեշտություն չի տեսնում
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը բիզնես ոլորտի պաշտպանության առանձին գրասենյակի անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին Ազգային ժողովում 2019թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՄԻՊ-ը պատասխանելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին:
«Այդպես որ լինի, ամեն հարցով պետք է օմբուդսմեն ստեղծվի, որ մեր գործը թեթևանա»,- կատակով արձագանքեց Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ը նշեց, որ իր ղեկավարած կառույցի աշխատակազմում գործում և դրական արդյունքներ է ցույց տալիս գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը:
«Մի քանի օրեսնդրական փաթեթ եմ մշակել և ուղարկել Ազգային ժողով, որով նախատեսվում է ֆինանսական ոլորտի նոր համակարգերի ներդնում, որոնք կնպաստեն գործարարության բարձրացմանը: Շնորհակալ կլինեմ, եթե Ազգային ժողովը դրանք դարձնի քննարկման առարկա: Դրանք պատրաստ, մշակված. իրավական տեխնիկային համապատասխան նախագծեր են»,- ասաց ՄԻՊ-ը:
Ըստ Արմանի Թաթոյանի՝ առանձին օմբուդսմենների գրասենյակների ներդրման վերաբերյալ քննարկում է ունեցել նաև Վենետիկի հանձնաժողովի հետ, կան Հայաստանի վերաբերյալ զեկույցներ, որտեղ նպատակահարմար չի դիտվում ստեղծել այլ հարցերով օմբուդսմենների գրասենյակներ, որովհետև, Թաթոյանի խոսքով, Հայաստանի նման պետությունների դեպքում դա համարվում է ռիսկային, քանի որ այդ դեպքում պետությունը կարող է գնալ ՄԻՊ հիմնական մարմինը թուլացնելու ճանապարհով: Բացի այդ, ինչպես նշում է Արման Թաթոյանը, Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կրկնող կառույց հիմնել:
Մեկնաբանել