HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատի է տվել դատախազությանն ու քննչական բաժնին

Վանաձորի թիվ 8 դպրոցի նախկին ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանը բողոք է ներկայացրել դատարան Լոռու մարզի դատախազության և քննչական բաժնի անգործության դեմ՝ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշումը չկատարելու կապակցությամբ:

Այս փաստով հայցվորը նպատակ ունի դատարանի միջոցով քրեական գործ հարուցել նշված մարմինների դեմ՝ իր դիմումը հիմնավորելով Վճռաբեկ դատարանի 2010թ. փետրվարի 12-ի որոշմամբ, ըստ որի՝ հանցագործության ակնհայտ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դատարանները պարտավոր են քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացնել դատախազին:

Հիշեցնենք՝ ուսուցչուհին, դպրոցի տնօրենի կողմից աշխատանքից ազատվելով, նրա դեմ բողոք էր ներկայացրել դատարան: Դատարանը որոշում էր կայացրել վերականգնել ուսուցչուհուն նախկին աշխատանքում: Բայց արդեն 7 տարի է՝ տնօրենը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը:

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում տնօրենի դեմ հարուցվել էր քրեական գործ, որն էլ մի քանի ամիս անց նույն քննիչի կողմից կարճվել էր: Այդ որոշման դեմ ուսուցչուհին բողոք էր ներկայացրել դատարան: Դատարանը որոշում էր կայացրել՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել տնօրենի դեմ քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Լոռու մարզի քննչական բաժինն ու դատախազությունը չէին կատարել դատարանի որոշումը՝ կարճման որոշումը վերացնելու մասին: Եվ գործի վարույթը վերսկսելով՝ նշված՝ չվերացված որոշմամբ էլ գործն ուղարկել էին դատարան: Հենց այդ չվերացված որոշման պատճառով էլ դատավարությունը տապալվեց, և դատարանը որոշում կայացրեց կարճել տնօրենի նկատմամբ քրեական գործը:

Տապալված դատավարությունից հետո ուսուցչուհին դիմել է Լոռու մարզի քննչական բաժին և դատախազություն՝ պահանջելով կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը՝ վերացնել տնօրենի դեմ քրեական գործը կարճելու մասին չվերացված որոշումը, և վերսկսել քրեական գործով վարույթը: Քննչական բաժնի և դատախազության կողմից ուսուցչուհու պահանջը մերժվել է, վերջինս էլ նրանց դեմ հայց է ներկայցրել դատարան:

Քննչական բաժինն իր մերժումը հիմնավորել էր ժամկետային սահմանափակումներով. քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը կարող է վերացնել դատախազը որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում, իսկ նշված ժամկետում չվերացնելու դեպքում՝ միայն գլխավոր դատախազը՝ որոշում կայացնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Ի պատասխան՝ ուսուցչուհին մեջբերում է Վճռաբեկ դատարանի 2010թ. նոյեմբերի 5-ի որոշումը, ըստ որի՝ նախատեսված ժամկետային սահմանափակումները վերաբերում են այն դեպքերին, երբ նշված որոշումը վերացվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում: Իսկ երբ նշված որոշումը վիճարկվում է դատական կարգով, նախատեսված ժամկետային սահմանափակումները չեն գործում: Եվ եթե դատարանը արձանագրում է անձի իրավունքների ու ազատությունների խախտում, և այդ խախտումը վերացնելու պարտավորություն է սահմանում, ապա լիազոր մարմինը պարտավոր է վերացնել վիճարկվող որոշումը և վերսկսել գործի վարույթը՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ է անցել որոշման կայացման պահից:

Դատախազությունն էլ մերժման հիմքում դրել էր դատարանի վերջին՝ տնօրենի դեմ քրեական գործը կարճելու մասին որոշումը: Այն դեպքում, երբ հենց դատախազության կողմից չվերացված որոշման պատճառով է դատարանը նման որոշում կայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter