
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով (բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝ Արամի փողոցի մերձակայքում։
Ալեն Սիմոնյանն ասում է, որ ընկերոջ հետ զբոսնելիս է եղել, տեսել է Արթուր Դանիելյանին և նրա ղեկավարած միաբանության այլ անդամների։ Դանիելյանին բարևել է, ինչին ի պատասխան Դանիելյանը հայհոյել է, որից հետո ինքը գլխով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին։
Միջադեպից հետո և՛ Դանիելյանը, և՛ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։
Լուսանկարում՝ ձախից Ալեն Սիմոնյանը, Արթուր Դանիելյանը
Մեկնաբանել