
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ հերթական անգամ Քալընը արտահայտել էՀայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին։ Քալընն իր հայտարարությունը տեղադրել է նաև «Twitter»-ի իր միկրոբլոգում։
Soykırım yalanıyla Türkiye’ye zarar vereceğini sananlar yine yanılacak. Türkiye, tarihi gerçeklerin çarpıtılmasına ve yeni düşmanlıklar üretilmesine izin vermeyecektir. Türk milletini mahkum etmeye çalışanlar önce kendi karanlık tarihlerine bakmalıdır. https://t.co/dtEEqYPe4h
— Ibrahim Kalin (@ikalin1) April 24, 2020
«Թուրքիայի Հանրապետությունն իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տեղի չի տալու այս շահարկմանը, ստին ու զրպարտության արշավին»,- նշել է Քալընն իր հայտարարության մեջ։
Ապրիլի 24-ի կապակցությամբ տարածած իր հայտարարության մեջ Քալընը նաև նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար պայմաններում 1915 թվականի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը, օսմանների կողմից «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր։ «Բոլոր նրանք, որոնք մտածում են, թե ցեղասպանության վերաբերյալ ստերով և քաղաքական պլաններով կարող են վնաս հասցնել Թուրքիային, ևս մեկ անգամ հուսախաբ կլինեն։ Թուրքիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տա, որ պատմական փաստերը խեղաթյուրվեն և նոր թշնամություն սերմանվի»։
Իր հայտարարության մեջ Քալընը դարձյալ շեշտել է ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը` ստեղծելու հայ և թուրք պատմաբանների միացյալ հանձնաժողով։ Ըստ Իբրահիմ Քալընի՝ Ցեղասպանության թեման շահարկվում է և լոբբինգ է արվում որոշ խմբերի կողմից, որոնք, լինելով հակաթուրքական քաղաքական շրջանակներ, նենգափոխում և խեղաթյուրում են պատմական փաստերը՝ փորձելով թշնամություն սերմանել երկու ժողովուրդների միջև։
«Առաջին համաշխարհային պատերազմի կորուստները բոլորիս միացյալ ցավն է։ Մեր հայ քաղաքացիների սպանությունները, որոնք ստիպված էին գաղթել տեղահանման որոշման պատճառով, հայկական ապստամբությունների ժամանակ Անատոլիայի անմեղ բնակչության սպանությունը և 1850-1920 թվականների գաղթի ու պատերազմների ժամանակ մոտ հինգ միլիոն մուսուլմանների սպանդը, մեր միացյալ ցավն է։ Ցավի համեմատությունը չի կարող բուժել վերքերը։ Բոլոր նրանք, որոնք հակաթուրքական թեկուզ չնչին շահեր են հետապնդում, չեն կարող կոծկել պատմական փաստերը»,- նշել է Քալընը՝ ավելացնելով, որ ցեղասպանության լոբբիզմի թշնամական հռետորաբանությունը ոչ այսօր և ոչ էլ ապագայում չի կարող շահեկան լինել։
Ըստ Քալընի՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ թուրքական դիրքորոշումն այն է, որ Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) հայերի սպանությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ հայերի մի մասն անցել է Օսմանյան Կայսրության տարածք ներխուժած ռուսական զորքերի կողմը և ապստամբել օսմանյան զորքերի դեմ։ Նա նաև հավելել է, որ հայերի հետագա վերաբնակեցումը հանգեցրել է մեծաթիվ զոհերի։
Հիշեցնենք, որ 2014 թվականից ի վեր ամեն տարի Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանն ուղղված նամակում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես նշում է, որ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների սպանությունները պետության ցավն են, սակայն այդպես էլ թուրքական կողմը չի ընդունում Հայոց ցեղասպանության եղելությունը և մեղադրում հայերին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հակաթուրքական տրամադրություններ հրահրելու մեջ։
Լուսանկարում՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել