
Արտյոմ Երվանդյանին անհրաժեշտ պայմաններով ապահովել են․ նա խնդրում է օգնել մյուսներին
Արտյոմ Երվանդյանին ապահովել են բնակարանով և մնացած անհրաժեշտ միջոցներով։
Ապրիլի 18-ին հոդված էինք հրապարակել 40-ամյա Արտյոմ Երվանդյանի մասին, որը բնակվում է Մոսկվայում, սակայն մարտի 7-ին եկել էր Հայաստան անձնագրի ժամկետը թարմացնելու։ Մարտի 30-ին անձնագիրը ստանալուց հետո Արտյոմն այլևս չէր կարողացել վերադառնալ Մոսկվա՝ կնոջ և 12-ամյա որդու մոտ։
Արտյոմի մոտ եղած գումարը սպառվել էր, և նա վերջին օրերին ապրում էր Երևանի Զավարյան փողոցի վրա գտնվող փոքր հյուրանոցներից մեկում, և ինչպես ինքն էր պատմում, վերջին 4 օրերի ընթացքում միայն թեյ ու շաքարավազ ուներ իր տրամադրության տակ։
Արտյոմ Երվանդյանը խոհարար է, Հայաստանում այս օրերի ընթացքում աշխատանք գտնելու փորձեր է կատարել, սակայն դրանք ապարդյուն են եղել։ Եվ միայն այդ փորձերից հետո է դիմել պետական կառույցներին, որոնք նույնպես չեն կարողացել աջակցություն ցուցաբերել։
Մեր հրապարակումից հետո մի շարք քաղաքացիներ դիմեցին «Հետքին» և պատրաստակամություն հայտնեցին օգնել Արտյոմին՝ ընդհուպ մինչև ժամանակավոր բնակարանով։
Այսօր առավոտյան Արտյոմը զանգահարեց մեզ։ Նա պատմեց, որ երեկվանից բազմաթիվ զանգեր է ստացել։ Քաղաքացիներից մեկը նրան Երևանի կենտրոնում բնակարան է տրամադրել, հիմա նա այնտեղ է։ Բացի այդ, այլ մարդիկ նրան նաև ֆինանսական օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ վճարել են հյուրանոցի պարտքը։
Արտյոմ Երվանդյանը շնորհակալություն հայտնեց «Հետքին» և իրեն օգնություն ցուցաբերած քաղաքացիներին, սակայն միևնույն ժամանակ խնդրեց, որպեսզի այլևս իր հեռախոսահամարը չտրամադրենք օգնելու պատրաստակամություն հայտնող քաղաքացիներին, քանի որ ինքն արդեն իսկ ապահովված է անհրաժեշտ պայմաններով․
«Առաջիկա 10 օրերի ընթացքում ես ինձ համար եկամտի այլ աղբյուր կգտնեմ։ Իմ կարգավիճակում շատ մարդիկ կան, ավելի լավ է՝ թող արդեն նրանց օգնեն»,- ասաց Արտյոմը։
Մեկնաբանել