2011-ին վարչական դատարանի գործերն ավելացել են 43 %-ով
2010 թ. համեմատ 2011 թ. ընթացքում վարչական դատարանի գործերն ավելացել են ավելի քան 43 տոկոսով այն դեպքում, երբ վարչական դատարանի դատավորների կազմը կրճատվել է 3 դատավորով: Այս մասին հայտնել է վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, երբ մարտի 2-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը վարչական դատարանի դատավորներին էին ներկայացնում նորանշանակ դատավոր Սամվել Հովակիմյանին:
Յուրաքանչյուր դատավորի վարույթում 2011թ. ընթացքում եղել է ավելի քան 1200 վարչական գործ և 7000 վճարման կարգադրություն: Գործերի նման ծավալների արդյունքում դատավորները ստիպված են լինում դատաքննություններ նշանակել հայցադիմումներ ստանալուց ամիսներ անց, քանի որ հնարավոր չէ այդ գործերն ավելի շուտ քննել:
Գործերի ավելացման աննախադեպ միտումը նկատելի է նաև 2012թ. առաջին երկու ամսվա ընթացքում: Միայն 2012թ. հունվար-փետրվար ամիսներին վարչական դատարան է մուտքագրվել 1798 վարչական գործ, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում մուտքագրված գործերի քանակը կազմել է 877:
Այսինքն, միայն այս երկու ամսում ծանրաբեռնվածությունը կրկնակի աճել է, ինչն իր հետ կբերի վարչական դատարանի դատավորների նույնքան ծանրաբեռնվածության ավելացման:
Նույն պատկերն է նաև վճարման կարգադրությունների վարույթներում: 2011թ. առաջին երկու ամսում Վարչական դատարանի դատավորներն ստացել են 8042 վճարման կարգադրության գործ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 16409-ի:
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միաժամանակ հայտնեց, որ հաշվի առնելով Վարչական դատարանի նշված գերծանրաբեռնվածությունը' ներկայումս քննարկվում է Վարչական դատարանի դատավորների թվի ավելացման հնարավորությունը, ինչը կնպաստի դատարանի արդյունավետ և բնականոն աշխատանքին:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, փաստելով, որ իրականում կատարվել է արդյունավետ աշխատանք, դատավորների ուշադրությունը հրավիրեց դատական պրակտիկայում հաճախ հանդիպող մի շարք թերությունների:
Խորհուրդ տրվեց չափազանց ուշադիր լինել հատկապես հայցի ապահովման միջոցներ կիրառելիս, ժառանգության գործեր քննելիս, հատկապես նոտարական գործողությունների վիճարկման լույսի ներքո այնպիսի վեճեր վարույթ ընդունելից, որոնց հիմքում ըստ էության ընկած են ժառանգական իրավահարաբերությունների ոլորտում ժառանգների միջև ծագած վեճեր, քանի որ նման գործերը չեն մտնում Վարչական դատարանի իրավասությունների մեջ:
«Հորդորում եմ զերծ մնալ նաև դրամական միջոցների վրա արգելանքների կիրառման այնպիսի դեպքերից, որոնք կարող են կազմալուծել առևտրային ընկերությունների գործունեությունը, հատկապես եթե դրանց չկիրառումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտերի կատարումը»,- ասաց Ե.Խունդկարյանը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների ուշադրությունը հրավիրեց և հորդորեց բացառել այն դեպքերը, երբ վճիռներում դատավորը գնահատական է տալիս այնպիսի իրավահարաբերության, որը դուրս է վարչական դատարանի լիազորությունների շրջանակից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել