
Սամվել Նիկոյանն անցել է պատգամավորների նկատմամբ «պատվոգրային քաղաքականությանը»
Փետրվարի 25-ին Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պատվոգիր էր հանձնել պատգամավոր Միշա Ստեփանյանին՝ «ակտիվ պատգամավորական գործունեության և ծննդյան օրվա կապակցությամբ»:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է նշանակում «ակտիվ պատգամավորական գործունեություն», և արդյոք Սամվել Նիկոյանը բոլո՞ր պատգամավորներին է պատվոգիր հանձնում:
«ԱԺ պատգամավոր Միշա Ստեփանյանին ակտիվ պատգամավորական գործունեության և ծննդյան օրվա կապակցությամբ պատվոգրի հանձնումը եզակի դեպք չէ: Ավելին, պատգամավորներին ԱԺ պատվոգրերի հանձնումը կրելու է շարունակական բնույթ»,- պատասխանեցին ԱԺ-ից:
Ինչ վերաբերում է «ակտիվ պատգամավորական գործունեությանը», ապա, ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, այն ներառում է արդյունավետ քաղաքական, ներկայացուցչական (մասնավորապես ընտրողների հետ պարբերական շփումներ) և օրինաստեղծ գործունեություն (ակտիվ աշխատանք հանձնաժողովներում, պարտաճանաչ մասնակցություն ԱԺ նիստերի աշխատանքներին, քվեարկություններին):
Փաստորեն, Սամվել Նիկոյանը, չկարողանալով պատգամավորներին «կարգի հրավիրել», նրանց պարտադրել ներկա լինել ԱԺ նիստերին, հանձնաժողովի աշխատանքներին, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով և մշտական կապ պահել ընտրողների հետ, անցել է «զգացմունքային» քաղաքականությանը՝ պատգամավորներին խրախուսելով պատվոգրերով:
Եթե ԱԺ նախագահն այս սկզբունքով առաջնորդվի, ապա չի բացառվում, որ առաջիկայում ԱԺ-ում նույնիսկ մրցանակաբաշխություններ լինեն, և պատգամավորների միջև լուրջ պայքար ծավալվի՝ ԱԺ պատվոգրին արժանանալու համար:
Մեկնաբանել