
Արտաշես Գեղամյանը «ֆռռացրե՞լ է» Աղասի Արշակյանին
«Որոշել եմ առաջադրվել, դեռ չեմ կողմնորոշվել՝ դա կլինի 7-ում, թե 8-ում: Կորոշեմ՝ որտեղ. կապված է Այվազյան Սմբատի որշելուց, որովհետև Այվազյան Սմբատը ՀԱԿ-ն է ներկայացնում, իսկ ես ՀԱԿ-ի հետ մրցակցելու խնդիր գոնե ինձ համար չեմ տեսնում»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:
Նրա խոսքերով՝ Սմբատ Այվազյանը ընտրատարածքում «հաշիվներ ունի», իսկ ինքը չի ուզում նրան խանգարել, ով իր «գործընկերն ու պարկեշտ մարդ է», և իրենց բնակավայրերը համընկնում են: Բացի դրանից՝ Ա. Արշակյանը հույս ունի, որ իր առաջադրվելու դեպքում ՀԱԿ-ն իրեն կաջակցի՝ գոնե ընտրակեղծիքների դեմ պայքարում:
Ա. Արշակյանին մրցակից կարող է լինել նաև Սամվել Ալեքսանյանը: «Այսօր իմ պատգամավորն է ինքը, հիմա ես էլ ուզում եմ իր պատգամավորը լինեմ»,- հայտարարեց Ա. Արշակյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ՀԱԿ-ին չի միանա. «Իրենց հեռացնելուն կողմ եմ եղել, բայց վերադարձից հետո չեմ խանգարել»:
Ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու և սատարելու է կուսակցության կողմից առաջադրվող Ֆարմանյանին, ով իր մրցակիցն է եղել նախորդ ընտրություններում:
Ռ. Պետրոսյանը հավելեց, որ համամասնական ցուցակը դեռ հստակ չէ, քանի որ ՀՀԿ համագումարը դեռ չի եղել: Սակայն անկախ այն հանգամանքից՝ ինքը կլինի՞, թե՞ չի լինի ցուցակում, Ռ. Պետրոսյանը սատարելու է կուսակցության թեկնածուին:
Աղասի Արշակյանն ասաց, որ վերադառնում է քաղաքականություն, քանի որ կուտակված շատ ասելիք ունի, «տնտեսական ծանր փոսից դուրս չեկած՝ ընկել ենք խորը հոգեբանական փոսի մեջ», և պետք է մարդկանց վերադարձնել կողոպտված հավատքը, որն ամեն ընտրության ժամանակ պակասում է:
Ա. Արշակյանի խոսքերով՝ այժմյան պաշտոնյաները, որոնք իր նախկին գործընկերներն էին, փոխել են իրենց դիրքորոշումն ու պահվածքը իր նկատմամբ: «Պրիտենզիաներ ունեմ տարբեր մարդկանց, ում զանգել եմ տարբեր հարցերով ու պատասխան չեմ ստացել: Ամո՞թ ա անձնական հարցեր լուծել: Պրեզիդենտից սկսած՝ բոլորը անձնական հարց են լուծում: Ես 25 տարի անձնական հարց չեմ լուծել», - հայտարարեց Ա. Արշակյանը:
Նա նշեց, որ դիմել է մոտ 20 պաշտոնյայի, որից միայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից է լավ վերաբերմունքի արժանացել: Ա. Արշակյանի խոսքերով՝ իր վերաբերմունքը Ս. Օհանյանի և ոստիկանապետ Վովա Գասպարյանի նկատմամբ տարբեր է: Եթե առաջ նա Վ. Գասպարյանին զանգահարում էր Վանո Սիրադեղյանի հետ խոսելու համար, ապա հիմա ցանկանում է խոսել ոստիկանապետի հետ, սակայն վերջինը չի ցանկանում:
«Չեմ կարող սուս նստել կամ աչքերս փակել, որ մեկը 7 տարի ինձ ֆռռացրել ա, թե ինքը ժողովրդի կամ հայրենիքի զինվորն է, մեկ էլ պարզվում է, որ մի մարդ կա, նրա զինվորն ա ինքը»,- հայտարարեց Ա. Արշակյանը:
Հարցին, թե արդյոք խոսքը Արտաշես Գեղամյանի մասին է, Ա. Արշակյանը պատասխանեց, թե «դուք ասեցիք, ես այդ անունը ուղիղ 5 տարի չեմ տալիս»:
Իսկ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ինքը առաջադրվելիս երբեք անձնական խնդիրներ չի հետապնդել: Մեծամասնականով չի առաջադրվում, որովհետև տարիքը թույլ չի տալիս, և անհարմար է բակերում կանգնել ու ժողովրդին խնդրել իրեն ձայն տալ: «Թե չէ ԱԺ-ում աշխատելու համար, չհամարեք դա ինքնագովություն, էսօր ոչ մեկ չի կարող ինձ հետ մրցել»,- հավելեց նա:
Մեկնաբանել