
Կոմունալ վճարների ուշացումների դեպքում անջատումներ չեն լինի, եթե քաղաքացին արտակարգ դրության պատճառով է զրկվել եկամուտից
Կառավարության մոտեցումն է, որ արտակարգ դրության իրավիճակում քաղաքացիներին ուղղված աջակցությունը պետք է լինի հասցեական: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցադրմանը: Պատգամավորը քաղաքացիների ահազանգերի մասին էր բարձրաձայնում` կոմունալ վճարների պատճառով անջատումների, օրավարձով աշխատողների գումար չունենալու մասին:
«Ես անձամբ իմ լրագրողական գործունեության ընթացքում տասնյակ անգամ եմ ի ցույց դրել, թե ինչպես են նման էմոցիոնալ վիճակներում օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն: Հետևաբար աջակցությունը մաքսիմալ թիրախավորված պետք է լինի ու հասցեական»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ աջակցությունը հանրային միջոցներով է արվելու, հետևաբար կառավարությունը հաշվետու պետք է լինի հանրությանը, թե որքանով աջակցությունը հասցեական եղավ:
«Նույնը վերաբերում է կոմունալ վճարներին. հարց` պետական աշխատողների կոմունալ վճարները ինչու պետք է հետաձգվեն, էդ մարդիկ աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավի կոմունալ վճարներն ինչու պետք է հետաձգվեն, էստեղ էլ թիրախավորված պետք է լինի»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` պարետը դեռ արտակարգ դրության առաջին օրվանից զբաղվել է կոմունալ վճարների խնդրով. բոլոր ընկերությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ թիրախային խմբի վճարումների ուշացումների դեպքում անջատումներ չեն լինի:
«Մենք սրա մասին շուտ չէինք խոսում, չէինք ուզում, որ օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան: Հենց առաջին օրվանից պարետը այդ հարցերով զբաղվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով, և ունենք պայմանավորվածություն, բայց իմ կոչն ու խնդրանքն է, որ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, վճարումները չուշացնեն` դրանով ավելի վատթար վիճակում են դնում դրա կարիքն ունեցողներին»,-ասաց նա:
Մեկնաբանել