HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թատերական փառատոն Լոռիում

Հոկտեմբերի 14-20-ը Ալավերդիում անցկացվեց «Թատերական Լոռի» 18-րդ հերթական փառատոնը: Շուրջ 30 տարի կազմակերպված ավանդական այս փառատոնը խորհրդային տարիներին ամենամյա էր, սակայն անկախությունից հետո ֆինանսների սղության պատճառով այն անցկացվում էր երկու տարին մեկ: Անցյալ տարի հերթական փառատոնի ժամանակն էր, սակայն, Ալավերդու թատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանի մեկնաբանությամբ, այն տեղի չունեցավ Ալավերդու քաղաքապետի ընտրության պատճառով:

«Նախորդ քաղաքապետին պետք չէր, իսկ նոր քաղաքապետը դեռ իր հեղինակած բյուջեն չուներ»,- ասաց Հ. Պապինյանը:

Ալավերդցիների սիրած փառատոնը հաջողվեց կազմակերպել, երբ 2006թ. օգոստոսին Ալավերդիում գրանցված «Վտակ» հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամից ստացավ 13 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ: «Վտակը» դրամաշնորհը ստացել էր մարզային մշակութային կյանքի աշխուժացման նպատակով: Իսկ մշակութային կյանքը, ինչպես նաեւ թատրոնը, վերջին տարիներին անկում էր ապրել նաեւ Ալավերդիում:

«Ուրախալի է, որ անցկացվում են այսպիսի փառատոններ, այսինքն՝ չեն թողնում օջախը մարի, պահպանվում է թատերական շունչը, սակայն, ընդհանուր առմամբ, թատրոնների վիճակը վատ է, որովհետեւ Խորհրդային Միության փլուզումից առաջ թատրոնների նկատմամբ հատուկ մշակված մոտեցում կար, նորը կարծես թե դեռ չկա»,- ասաց փառատոնի ժյուրիի անդամ, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի կուրսի ղեկավար, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանը:

Ասածը հիմնավորելու համար պրն Ռաֆայելյանը նշեց, որ անցյալում, օրինակ Ալավերդու ժողթատրոնին, տրվում էր երկու հաստիք' ռեժիսորի եւ նկարչի, եւ «երկու ստեղծագործող մարդիկ համախմբում էին թատրոն սիրողներին: Ներկայումս այդ հաստիքները չկան»:

Փառատոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Պապինյանը փաստեց, որ վերջին տարիներին Ալավերդիում թատրոնի դերասաններին տարվա մեջ պայմանագրային կարգով ընդամենը 3 ամիս է տրվում աշխատավարձ: Դրա արդյունքում տղամարդ դերասանների մի մասը մեկնել է արտագնա աշխատանքի:

«Բացի այդ, փառատոն անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լավ թատերական դահլիճ եւ հյուրանոց, երկուսն էլ բացակայում են Ալավերդիում»,- ավելացրեց Հ. Պապինյանը:

Անցյալ տարի' 2005-ին, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Ալավերդու քաղաքապետարանի թույլտվությամբ, առանց նորը կառուցելու նախապայմանի, քանդեց ընկերության սանիտարական գոտում գտնվող քաղաքի մշակույթի տունը՝ թատրոնին զրկելով դահլիճից:

Թատրոնի մարդկանց հուսահատ այս մթնոլորտում հոկտեմբերի 14-ին, ոգեւորություն սփռելով, տեղի ունեցավ «Թատերական Լոռի» փառատոնի բացման արարողությունը:

Արարողությանը մասնակցում էին նաեւ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանն ու փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Իր բացման խոսքում Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը հույս հայտնեց, որ «Թատերական Լոռի» հաջորդ' 19-րդ փառատոնը 2008թ.-ին կանցկացվի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանու ներքո: Փոխնախարար Կարինե Խոդիկյանն ընդունեց քաղաքապետի առաջարկը:

Դրամաշնորհը հնարավորություն էր ընձեռել փառատոնը լայնամասշտաբ անցկացնելու համար: Փառատոնի շրջանակներում ներկայացումներ են դրվել ոչ միայն Ալավերդիում, այլեւ Լոռու մարզի Օձուն, Շնող, Աքորի, Ծաթեր, Թումանյան եւ Ախթալա համայնքներում:

«Թատերական Լոռի» փառատոնում ներգրավվել են 15 թատերական կոլեկտիվներ 31 ներկայացումներով:

«Թատերական Լոռի» 18-րդ փառատոնին, ի տարբերություն նախորդների, մասնակցում էին նաեւ երեք պետական թատրոններ՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գեղարքունիքի մարզի Լեւոն Քալանթարի անվան պետական եւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնները, որոնց ծախսերը հոգացել էր Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Փառատոնի թատերական ներկայացումներից ամենաուշագրավը Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Աշնան արեւ» ներկայացումն էր՝ Հրանտ Մաթեւոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա, որտեղ առաջին մասում ռեժիսոր Հակոբ Ազիզյանը նյութը նորարական մոտեցմամբ էր մատուցել: Այդ մոտեցումներին համահունչ էր գլխավոր հերոսուհու' Արուսի կերպարի ինքնատիպ բացահայտումը երիտասարդ դերասանուհի Ալլա Դարբինյանի կատարմամբ: Սակայն ռեժիսորական աշխատանքի թերությունների հետեւանքով պիեսի առաջին մասին համահունչ չէր երկրորդ մասը, թեեւ այստեղ էլ թատրոնի բազմավաստակ դերասանուհի Ռոզա Մխիթարյանի՝ Արուսի սկեսուրի դերակատարումը, որը դերասանուհու տաղանդի բացառիկ դրսեւորում էր, արժանացավ հանդիսատեսի դրվատանքին:

Սպասվածից թույլ էր Ալավերդու քաղաքային թատրոնի Գիլերմե Ֆիգեյրետոյի «Եզոպոս» ներկայացումը (ռեժիսոր' Կամո Պետրոսյան): Մեծ ավանդույթներ եւ շնորհալի դերասաններ ունեցող թատրոնի վրա, անկասկած, իր կնիքն էր թողել թատրոնի նկատմամբ վերջին տարիներին տեղական իշխանության որդեգրած վերաբերմունքը: Փառատոնի ամփոփման ընթացքում հանդիսատեսի շրջանում զավեշտի հասնող քննարկման նյութ դարձավ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումը, որտեղ ռեժիսոր Վազգեն Սարգսյանը հերոսների բարոյական թշվառության ինքնաբացահայտումը ամբողջ ներկայացման ընթացքում ներկայացնում էր փողոցային, մերկապարանոց եւ գռեհիկ արտահայտություններով: Ալավերդու ժողգործիքների անսամբլի ղեկավար Լազր Խեչիկյանի «Բա սա հանդիսավոր փակման ներկայացու՞մ է» ռեպլիկը՝ արված հենց դահլիճում, արտահայտում էր շատերի կարծիքը:

Փառատոնի փակման արարողության ժամանակ Ալավերդու քաղաքապետարանի, «Մանես» հիմնադրամի եւ քաղաքի այլ հիմնարկությունների կողմից մրցանակներ հանձնվեցին թատերական շնորհալի կոլեկտիվներին, դերասաններին եւ ռեժիսորներին: «Թատերական Լոռի» 18-րդ փառատոնը փաստեց թատրոնի մեծ հասարակական պահանջը: Իսկ այս պահանջը կարեւորում է թատրոնի ու նրա մարդկանց նկատմամբ պետության ուշադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter