Հարթաշենում ոչ ջուր, ոչ կարուսել
Այս տարվա երաշտը ծնկի է բերել հարթաշենցիներին: Գյուղում եւ նրա շրջակա հողերում ոռոգման ջուր չկա, բայց հողի հարկ են վճարում: Այն, ինչը պիտի աճեր հողամասերում՝ լոլիկ, վարունգ, ձմերուկ, հարթաշենցիները գնում են։ Բայց սա չի նշանակում, թե ոչինչ չեն մշակում: Մշակում են՝ հույսն անձրեւի վրա դրած, իսկ անձրեւ չկա: Այս դեպքում հարց կառաջանա, թե ինչպե՞ս են ինչ-որ բան գնում, եթե մշակածից ոչ մի արդյունք չեն ստանում։ Գնում են տարեցների եւ արցախյան պատերազմի մասնակիցների ստացած թոշակներով:
Սերյոժա Բադալյանը երկու անգամ վիրավորվել է կռվում, երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա այն երջանիկներից է, ում հաշմանդամության կարգն «իսկականի հետ ճիշտ է»: 47-ամյա Ալբերտ Խաչիյանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 23 հազար դրամ թոշակ: Ազատամարտի մասնակիցը խաղաղ այս օրերում հաշվում է իր «եկամուտն» ու ծախսերը, համադրում եւ ոչ մի կերպ չի կարողանում հավասարության նշան դնել։
«Հիմնական աշխատանքն արտում է, ուրիշ աշխատանք չկա, էն էլ կամ չոր եղանակ ա լինում, կամ էլ ջուր չի լինում,-ասում է 41-ամյա Ռազմիկ Սարգսյանը եւ ավելացնում,- ցորեն ենք վարում՝ կամ մի բան կդառնա, կամ' չի դառնա»: Ռազմիկը փախստական է, հող չունի։ Ասածը համագյուղացիներին է վերաբերում, ովքեր ցորենը փոխանակում են հողի այլ բարիքների հետ: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ձմերուկի համար տալիս են երկու կիլոգրամ ցորեն, իսկ երկու կիլոգրամ ցորենի դիմաց վերցնում են մեկ կիլո լոլիկ:
Գյուղն ունի ընդամենը 25 ընտանիք, մինչդեռ ութ տարի առաջ 125 ծուխ է եղել։ Հարթաշենցիները շատ բան չեն ուզում' խմելու եւ ոռոգման ջուր: Ասում են՝ ջուրը լինի, մնացածը մենք կանենք։
Գյուղի երիտասարդները խոսելու տրամադրություն չունեն, նրանց խնդիրները բարձրացնում են մեծերը: «Երեխաս բանակից եկել ա, ուզում ա փախչի: Չորս տարի կռիվ ենք արել, ջահելների համար մի տեղ չկա, որ ձմեռը մտնեն, գոնե նարդի խաղան»,- ասում է Սերյոժա Բադալյանը:
Ամռանը հավաքվում են գյուղամիջում, որտեղ միակ աղբյուրն է։ Հազիվ ծլծլացող այդ աղբյուրից ջուրը տանում են էշերով, դույլերով կամ պլաստիկ շշերով։ æուր ասվածը դժվար է խմելու անվանել, բայց գյուղացիները խմում են, այլընտրանք չունեն: «Ճահճի ջուր ա, քլորով ա գալիս»,- տեղեկացնում է գյուղապետը:
Հարթաշենցիները օրվա մեջ 1 ժամ են ջուր ունենում: «Մեկ ժամ առավոտյան մի թաղի են տալիս, մի ժամ էլ մյուս առավոտյան տալիս են մեկ ուրիշ թաղի»,- տեղեկացնում է գյուղամիջում նստած ծեր կանանցից մեկը' Խանում Աբրահամյանը: «Լինում ա' ամիսով էլ բաց չենք թողնում, ամսվա մեջ ամենքին սկի մի 100 լիտր էլ չի հասնում»,- դժվարությամբ խոստովանում է գյուղապետը:
Տասնամյա Գայանեն Հարթաշենից երբեւէ դուրս չի եկել։ Գիտի, որ դրսում ուրիշ կյանք կա, բայց այդ կյանքի մասին շատ աղոտ պատկերացումներ ունի։ «Գյուղից դուրս մրգեր են լինում, տները սիրուն են»,-ասում է նա ու երազում, որ իրենց գյուղում կարուսել լինի։ Հարցին, թե որտե՞ղ է կարուսել տեսել, պատասխանում է. «Չեմ տեսել, բայց կուզեի»:
Հարցը մնում է օդում
«Էստեղ տրանսպորտ չի մտնում, վերջին գյուղն է»,- ասում է Հադրութի շրջանի Քյուրաթաղի գյուղապետ Ռոման Ղազարյանն իր հայրենի գյուղի մասին:
Հադրութից հարավ-արեւելք ձգվող ճանապարհն այս գյուղով ավարտվում է: Իսկ այս գյուղից ուղիղ գծով մոտ 10 կմ ձգվում է դեպի Ֆիզուլի տանող ճամփան, որը տեղ-տեղ աս ֆալտապատ է: Հադրութից մինչեւ Քյուրաթաղ ձգվող ճանապարհը գրեթե անանցանելի է, սակայն Քյուրաթաղի գյուղապետն ասում է, որ իրենց հիմնական խնդիրը խմելու ջրի ներքին ցանցն է: Ոռոգման ջուր գյուղում կա: «Խոստացել եմ ջուր բերել բանջարանոցները ջրելու, բերել եմ, խոստացել եմ ակումբի պատերը սվաղել, արել եմ: Ինչ-որ խոստացել եմ, կատարել եմ»,- ասում է գյուղապետը' պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նրան հաջողվել վերընտրվել գյուղապետի պաշտոնում:
Առաջին անգամ Ռոման Ղազարյանը գյուղապետ է ընտրվել 2001-ին: Ոչ այն ժամանակ, ոչ էլ 2004-ին նա չի խոստացել վերանորոգել դեպի գյուղ բերող ճամփան. իր ուժերից վեր է: Հարկերն այնքան էլ լավ չեն հավաքվում, որովհետեւ բոլոր վաճառքներն իրականացվում են ապրանքով: Ստեփանակերտ հասցնել էլ հնարավոր չէ, գյուղացին մթերքը մայրաքաղաք հասցնելու համար մեքենային պետք է վճարի 15-20 հազար դրամ: Խմելու ջրի հարցը լուծվում է էշերով, բիդոնները բեռնում են, գալիս են գյուղի սկզբում գտնվող աղբյուրից տանում: Եվ այդպես' ամեն օր: Այսօր Քյուրաթաղում ապրում է 309 մարդ: Այս տարի գյուղում 4 ծնունդ է եղել: Մինչեւ ԼՂ անկախությունը 256 մարդ էր ապրում: Բնակչության թվակազմը համալրել են փախստականները: Գյուղապետը նույնպես փախստական է, եկել է Ֆիզուլիից:
Գյուղի բոլոր տները հին են։ Որեւէ մեկը վերջին տարիներին փորձ էլ չի արել նորոգել իր տունը, ավելի շուտ վերացրել են պատերազմի հետքերը:
Գյուղապետը հաճույքով է թվարկում, թե այսօր ինչ ունի գյուղը բնակիչների առօրյայի համար' գրադարան եւ ակումբ, որտեղ, իր բառերով, մի կիսափլած թենիսի սեղան կա: Խմելու ջրի բացակայությունից բացի, գյուղացիները դժգոհում են նաեւ հայերեն հաղորդումներ ցույց տվող հեռուստաալիքների պակասից, հիմնականում դիտում են ադրբեջանական ալիքներ եւ Հ1-ի արբանյակային հեռարձակումը: Ինչպես Քյուրաթաղում, այնպես էլ հարեւան չորս գյուղերում հայկական հեռուստաալիքներ չեն նայում, չեն նայում նաեւ Արցախի հեռուստատեսության հաղորդումները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին նրանք առաջինը տեղեկանում են ադրբեջանական հեռուստակայաններից:
«Ի վիճակի չէ՞ պետությունը, որ մի հաղորդիչ կայան դնի, որ ժողովուրդը թուրքերեն չնայի»,- հարցնում է երեք երեխայի հայր Արմեն Ալեքսանյանը: Նրա հարցն առայժմ մնում է օդում։
Մհեր Արշակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել