Երեխաները մեր ապագան են
Առաջին հեռուստացույցը Հադրութի շրջանի Տումի գյուղում հայտնվել է 1965-ին: Գյուղի գրեթե բոլոր հեռուստացույցներն այդ առաջինից են, մի քանիսի տներում խորհրդային արտադրության գունավոր հեռուստացույցներ կան, որոնցով նայում են ադրբեջանական ծրագրերն ու Ռուսաստանից տրվող հաղորդումները։ Ինչպես շրջանի բոլոր գյուղերում, այստեղ եւս լրագրեր եւ ամսագրեր չեն հասնում։
Տումին իր բոլոր խնդիրներով նման է Հադրութի մյուս գյուղերին' Հարթաշենին, Քյուրաթաղին, Մեծ Թաղերին: Այստեղ էլ կա խմելու եւ ոռոգման ջրի խնդիր, այստեղ էլ ճանապարհները քարուքանդ են: Այստեղ էլ հարկերը շատ են, բերքը՝ քիչ։ Անասուն կա, իսկ կերակրելու բան չկա, քանի որ արտերի խոտն արեւի տակ շատ արագ դառնում է անպիտան: Այստեղ էլ մարդիկ չգիտեն՝ ինչի՞ց բողոքել։
Մինչեւ պատերազմը գյուղում ապրել է 1400 մարդ, հիմա 820 բնակիչ կա: Պատերազմի ժամանակ զոհվել է 24 հոգի: Գյուղը պատերազմական գոտում չէր, նույնիսկ անհարմար էր ռմբակոծելու համար՝ դիմացի սարը խանգարում էր հակառակորդին ու փակում տեսադաշտը։
«Մեզ քարտեզով էին խփում, մի քանի սնարյադ է ընկել գյուղի վրա»,- հիշում է գյուղապետ Էդիկ Մոսիյանը:
Վերջին 3 տարում ծնվել է 32 երեխա, 20 մարդ մահացել է: Տումիի բժշկուհի Ալվինա Հակոբյանն ասում է, թե մարդիկ ամենից շատ բողոքում են սրտային անբավարարությունից: «Դե ստրես ա, բան ա»,- պատճառաբանում է բժշկուհին: Բուժկետը նոր են կառուցել, կա նաեւ ծննդատուն, սակայն ամուսնություններն ու ծնունդները շատ չեն։ Գյուղապետարանի աշխատակից Էդիկ Ամիրջանյանը բանակից նոր է վերադարձել: Ուզում է ամուսնանալ, չգիտի' ում հետ: Նրան, ում հավանում էր, Ստեփանակերտում սովորում է: «Ով կրթություն ա ունենում, որտեղ հարմարեցնում, էնտեղ մնում ա, գան ստեղ, ի՞նչ անեն»,- ասում է Էդիկը:
Տներին նայելիս հեշտ է ասել' այս գյուղն ապագա ունի՞, թե՞ ոչ: Մեծ մասը պապենական օջախներ են, որոնք տեսքի բերելու իմաստը տեղացիները չեն տեսնում: Այդ տների բնակիչները հիմնականում ծերեր են: Միայն մի նորակառույց կա' 6 երեխայի հայր Սերգեյ Ավագյանի տունն է: Սերգեյը պատերազմի մասնակից է, չորս տարի եղել է ճակատում։ Մի անգամ է տուն վերադարձել' ամուսնանալու համար։ Ոչ մի անգամ չի վիրավորվել։ Մասնակցել է Խծաբերդ գյուղի ազատագրմանը, Ջեբրայիլի ու Հորադիզի գրավմանը:
![]() |
![]() |
Նրա առաջին եւ երկրորդ երեխայի տարիքային տարբերությունը 6 տարի է: Երրորդ երեխայի ծնունդը հաջորդել է ԼՂ կառավարության այն որոշմանը, որով ամեն երրորդ երեխայի համար պետությունը պարտավորվում է բանկում ավանդ դնել 750 դոլար:
Մեր այցելության պահին հինգ երեխաները տանն են, մեծ տղան' տասնչորսամյա Հրանտիկը, խոզերին տարել է անտառ: Սերգեյը մրգատու ծառերով մեծ այգի ունի: Այգին ջրում է խմելու ջրով։ Ոռոգման հարցը լուրջ է, իսկ խմելու ջուրը տալիս են ամեն երրորդ օրը:
Սերգեյն ինձ ցույց է տալիս տնամերձը. խնամքով մշակած հողատարածք է՝ լոբի կա, կարտոֆիլ, լոլիկը կարմրել է, իսկ մրգատու ծառերի վրա' ոչ մի պտուղ: Նա որոշել էր այգու բերքը վաճառելով երեխաների համար հագուստ գնել, բայց հավանաբար չի ստացվի։ Հիմա մտադիր է բոլոր տասը գոճիները վաճառել:
Ամբողջ տարին խոզ է պահում, բայց ասում է, թե մսից երեխաներին բաժին չի հասնում, նույնիսկ գլուխն ու ոտքերը չեն մնում։
«Շուկայի անասնաբույժը ամբողջությամբ է ընդունում միայն, եթե ոտքերն ու գլուխը կտրում ենք, կասկածում են, որ գայլը կամ շունը կարող էին կծել այդ մասերից ու փչացնել միսը»,- պարզաբանում է Սերգեյը:
Մոտակա անտառում կան նաեւ հատապտղի թփեր, հոնի ծառեր: Հավաքում են, բայց չեն կարողանում վաճառել, որ հաց դառնա։ Հացը գնում են միայն անասունի վաճառքից ստացված գումարով: Վեց երեխայի համար ընտանիքին ամսական տալիս են 29 հազար դրամ: «Հազիվ պրադուկտին ենք հասցնում էդ 29-ը»,- ասում է Սերգեյը: Կինը' Ռիտան, ավելի կոնկրետ է. «Ամենքին մի ստական չայը արդեն մեկ կիլո պեսոկ է' օրվա մեջ 3 անգամ»:
Դպրոցական չորս երեխա ունեն, բայց չգիտեն ինչպես են փակելու ուսման հետ կապված ծախսերը։ Իննամյա Թեւանն ասում է, թե շատ է սիրում հայոց լեզուն եւ մաթեմատիկան, չորս ու հինգ է ստանում: Մայրը հաստատում է, բայց երեխաների ապագայի մասին նրա բոլոր մտածումները մնում են ցանկության եւ հնարավորության սահմանագծին։
Մհեր Արշակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել