HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկան անցնում է աննկատ

Հադրութի քաղաքապետարանից փոքր-ինչ ներքեւ մի ռեստորան կա: Մարդիկ ասում են «Էմիլի ռեստորան», սակայն ցուցանակը հուշում է, որ եկել ես «Մհերի մոտ»: Ի տարբերություն նմանատիպ այլ հաստատությունների, Էմիլի ռեստորանը մաքուր է, ոճավորված, մատուցվող սնունդն էլ տարբեր «խորոված-քյաբաբ» ստանդարտից:

Ճաշացուցակ չկա: Կարող ես պատվիրել ինչ ուզում ես, եթե պատվերդ դուրս չի գալիս շուկայում կամ քաղաքի խանութներում եղած տեսականու շրջանակից: Որոշ բաներ ուղղակի բերվում է հարեւան խանութից: Պահեստավորելու համար ազատ գումար է պետք. ի՞նչ իմանան, երբ եւ ով, ասենք, ռուսական օղի կպատվիրի:

Մատուցողուհին ասում է, որ ռեստորան հաճախում են միայն զինվորականները: Նրա կարծիքով, դա բնական է, որովհետեւ միայն բանակում կարող ես կայուն եկամուտ ունենալ: «Մյուսները փող չունեն, հետո ռեստորան քինալու կուլտուրա էլ չկա»:

Տարբեր աստիճանի զինվորականները Հադրութում ամենուր են' Էմիլի ռեստորանում, Կարենի սրճարանում, քաղաքի հրապարակում գտնվող թեյարանում:

Այստեղ նրանցից բացի նստում են նաեւ տարեց մարդիկ' թեյ են խմում, թուղթ խաղում, խոսում անցածից ու գալիքից, քանի որ ներկան անցնում է աննկատ:

Թեյարանը բացօթյա է: Սեղաններն ու աթոռներն ամենապակասը քառասուն տարվա վաղեմություն ունեն: Ժամանցի այս վայրը հադրութցիները կոչում են ՙԽոռ աղբյուր՚ կամ «Չինարի»: «Խոռ աղբյուր», քանի որ գտնվում է նույնանուն աղբյուրի մոտ եւ ՙՉինարի՚, որովհետեւ թեյարանը մոտ 400-ամյա չինարի երկու ծառի շվաքի տակ է: Հաճախորդներից մեկը պատմում է, որ Արցախյան շարժման առաջին ամիսներին մինչեւ օրս էլ անհայտ մի հադրութցի գիշերով բարձրացել ու ծառի կատարին է ամրացրել Հայաստանի դրոշը: Ադրբեջանցի ոստիկաններ են եկել շրջապատել են ծառը, իսկ դրոշը հանելու համար ուղղաթիռ են բերել Բաքվից: Երկար չարչարվելուց հետո, ի վերջո, դրոշն իջեցրել են, տեղի հայ ոստիկաններից հավաքել ատրճանակներն ու հեռացել:

Այդ պատմական դեպքերից մինչեւ այսօր թեյարանում ոչինչ չի փոխվել: Ոչինչ չի փոխվել նաեւ Հադրութում: «Ուզում եմ փաբրիկա լինի, զավոդ լինի, որ գյուղերը պահեն, պրոդուկտի բազա չկա»,-ասում է թեյարանի հաճախորդ Շահեն պապը:

«Ստի, որ քինա, ոչ մի պեն էլ չի փոխվի»,-Շահեն պապին արձագանքում է 71-ամյա Բորիս Սեւյանն, ով չորս երեխա ունի եւ ասում է, որ նրանից ոչ մեկն էլ չի աշխատում: Ինքը Հադրութի Ջրաբերդ գյուղում հող ունի, ապրում են այդ հողի տված բարիքով:

Ստեղծված իրավիճակի պատճառները քննարկելիս, թեյարանի տարեցները ղարաբաղյան շարժումն ու պատերազմը համարում են պատմական օրինաչափություն: Ասում են, թե ադրբեջանցիների հետ հակամարտություն վաղ թե ուշ լինելու էր, որովհետեւ նրանք ղարաբաղցիներին Ղարաբաղի հողում հյուր էին համարում եւ ամեն ինչ անում էին դուրս մղելու համար: Ծերերն արդեն բացառում են ադրբեջանցիների հետ երբեւէ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: «Մենք իրար կտորել ենք»,-ասում է Բորիս Սեւյանը:

Իսկ դժվար կյանքը, նրանց կարծիքով, գալիս է դեմոկրատիայից: «Պատճառն էն ա, որ ժողովրդին պեց ան թողալ, ազատություն են տվալ»,-ասում է Շահեն պապը:

Նույն համոզման է 40-ամյա Սերժիկ Սարդարյանը, բայց, ի տարբերություն տարեցների, նա լավատես է եւ առաջընթաց նկատում է: «Եթե առաջ 1-2 սոտովի ա իլալ, հիմա 10-20-ն են»,-ասում է Սերժիկը: Որպես առաջընթացի ապացույց նա նշում է նաեւ Հադրութի գիշերային լուսավորությունը:

Թեյարանի տարեցները չեն ուզում «զավոդների» ու «փաբրիկաների» հարցը կապել «սոտովիների» ու փողոցների լուսավորության հետ: Զարգացում ասելիս, իրենք էլ չգիտեն, թե ինչ են պատկերացնում, բայց հաստատ ուզում են, որ երկրի բախտը որոշողներն ունենան այդ պատկերացումը եւ ջոկ չլինեն նրանցից, ովքեր ոչինչ չեն որոշում:

Մհեր Արշակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter