Հատուկ դպրոցներն իրենց էությամբ մնացել են փակ հաստատություններ
Հատուկ կրթության համակարգի հաստատություններում կրթություն, օթեւան, սնունդ են ստանում մտավոր թերզարգացում ունեցող, թույլ եւ ծանր լսողական, խոսքի խանգարումներ ունեցող, ինչպես նաեւ՝ որբ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, անբարենպաստ ընտանիքների երեխաները:
«Ես այն կարծիքին եմ, որ երեխան պետք է մեծանա ընտանիքում, անկախ նրա սոցիալական պայմաններից ու ընտանեկան վիճակից: Ընտանիքում մեծացող երեխան, երբ ամեն օր տեսնում է իր ծնողներին եւ տնից է գնում դպրոց, հոգեպես չի չարանում»,- ասում է Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող եւ ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 5 հատուկ դպրոցի տնօրեն Վարդուհի Կատինյանը:
«Կրթության զարգացման 2001-05թթ. պետական ծրագիր» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների ուսուցումը կազմակերպել առանց ընտանիքից ու հասարակությունից մեկուսացնելու: Այսօր պետությունն իր առջեւ խնդիր է դրել տարանջատել հանրակրթական դպրոցում սովորելու ունակ երեխային մտավոր թերզարգացածից ու խնամքի կարիք ունեցողից' միաժամանակ չզրկելով որեւէ հատուկ դպրոցի աշակերտի հանրակրթական դպրոցում սովորելու իրավունքից: Այս կերպ պետությունը լուծում է բոլորի համար կրթության հավասար պայմաններ ապահովելու օրենքի պահանջը: Կրթության եւ գիտության նախարարության հատուկ դպրոցների գծով մասնագետ Անահիտ Մուրադյանը կարծում է, որ որբ, ծնողական խնամքից զրկված, սոցիալապես անապահով երեխան հատուկ կրթության կարիք չունի, այլ՝ խնամքի. «Նրանք առավել կարիք ունեն գիշերելու տեղի, տարրական պայմանների, սննդի, իսկ պետության քաղաքականությունն այսօր ուղղված է գիշերօթիկ խնամքի հաստատություններ ստեղծելուն, որտեղ մնալով' երեխան կարող է հաճախել հանրակրթական դպրոց: Այսինքն' զատում ենք սոցիալականը կրթականից»:
Հատուկ դպրոցների համակարգում նախատեսված բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի 1646-Ն որոշմամբ' մինչ 2007թ.-ի ավարտը որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոցները պետք է վերակազմակերպվեն ու փոխեն գործունեության բնագավառը: Այդ դպրոցների մի մասը վերափոխվելու են միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունների ԿԳՆ-ի վերահսկողության ներքո, մյուս մասը' գիշերօթիկ խնամքի հաստատությունների Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո: Երեւանի թիվ 7 եւ Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 4 հատուկ դպրոցները վերափոխվել են Երեւանի թիվ 7 եւ Գյումրու թիվ 4 ռազմամարզական հանրակրթական ուսումնական հաստատությունների Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո: Համաձայն ՄԱԿ-ի երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվեցիայի, որին միացել է նաեւ Հայաստանը, սա երեխայի իրավունքների կոպիտ ոտնահարում է:
Կոնվենցիայի 14 հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Մասնակից պետությունները հարգում են ծնողների եւ համապատասխան դեպքերում օրինական խնամակալների իրավունքներն ու պարտականությունները' երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս»: Մինչդեռ, տվյալ դեպքում պետությունն ի սկզբանե նախանշում է այս երեխաների ճակատագիրը' առանց հաշվի առնելու նրանց նախասիրություններն ու մտային ունակությունները, օգտվելով վերջիններիս ծնողազուրկ լինելու կամ խնամակալ չունենալու հանգամանքից:
Հատուկ դպրոցներում նույն դասարանում սովորող երեխաների տարիքային տարբերությունը երբեմն ակնհայտորեն մեծ է' 8-13 տարեկան: Նրանք դա բացատրում են այն հանգամանքով, որ ծնողները նախ աշխատում են հասարակությունից թաքցնել նրանց արատները, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշում են դպրոց ուղարկել, շատ դեպքերում նյութական դժվարությունները, բնակավայրի ու դպրոցի միջեւ ընկած հեռավորությունն է խանգարում:
Երեւանի թիվ 9 լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի տնօրեն Մուշեղ Հովհաննիսյանը եւս նշում էր, որ մարզից երեխային բերել-տանելը ֆինանսապես դժվար է ծնողների համար: Լավ կլիներ, եթե մարզպետարանները որոշ ֆինանսական օժանդակություն հատկացնեին նրանց կամ փոխադրամիջոց տրամադրեին: Այս հանգամանքը դեր է խաղում, որպեսզի շատ ծնողներ ընդհանրապես հրաժարվեն երեխային դպրոց ուղարկելուց: Քաղաքում ապրողների համար եւս ճանապարհածախսը լուրջ խնդիր է, որովհետեւ երեխաները գալիս են հեռու արվարձաններից, իսկ օրական 400 դրամ տրանսպորտին տրամադրելը ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում զգալի գումար է նրանց համար:
Այս դպրոցներին բնորոշ էր, որ նույն ընտանիքի ե՛ւ նորմալ, ե՛ւ արատավոր երեխաները սովորեն նույն դպրոցում, որովհետեւ ծնողները չեն ցանկացել նրանց իրարից անջատել: Իհարկե, այստեղ դեր է խաղում նաեւ նրանց կերակրելու ու ամենօրյա խնամքից իրենց ազատելու հանգամանքը եւս: Ինչպես վկայեցին տնօրենները, ծնողներից շատերի համար կարեւոր է, որ իրենց երեխաներն ունենան սնունդ ու օթեւան, իսկ կրթությունն ու դաստիարակությունը երրորդական, չորրորդական կարգի հարցեր են: «Ծնողների 10%-ն է հետաքրքրվում, այն էլ հանրակրթական դասարանների երեխաներինը, իսկ մնացածների համար կարեւոր է, որ երեխան իրեն չխանգարի, իր կողքին չլինի»,- ասաց տիկին Կատինյանը:
Միանգամայն այլ իրավիճակ է լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցում: Տնօրենի հավաստմամբ' իրենց մոտ սովորող երեխաները միանգամայն նորմալ ընտանիքներից են, որովհետեւ լսողության մասնակի կորուստը ձեռքբերովի հիվանդություն է, եւ իր սաների ծնողներն ուշադիր են իրենց երեխաների նկատմամբ: Այս դպրոցում մնում են հիմնականում մարզերից եկած երեխաները՝ Գյումրիից, Գավառից, Արագածոտնից, Արցախից: Նրանք ամեն շաբաթ երեխաներին տուն են տանում, հետաքրքրվում նրանց ուսման ու դաստիարակության հարցերով:
Այս հաստատություններում սովորող երեխաները հիմնականում մեկ եւ ավելի ֆիզիոլոգիական շեղումներ ունեն: Եթե անգամ չունեն նման խնդիր, հոգեկան սթրեսներն ու դեպրեսիաները գրեթե անբաժան են նրանցից: Այս առումով մեծ անելիք ունեն հոգեբանն ու լոգոպեդը, սոցմանկավարժն ու սուրդոբժիշկը, դաստիարակները: Դպրոցներն, իհարկե, ունեն նշված մասնագետները, բայց գրեթե բոլորն էլ գտնում էին, որ մեկ հաստիքը, հատկապես հոգեբանի պարագայում, բավարար չէ այդքան երեխայի հետ աշխատելու համար, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը պահանջում է անհատական մոտեցում: Այդուհանդերձ, հասցնում են, քանի որ երկար տարիների փորձառություն ունեցող մանկավարժներն ու դաստիարակները մեծապես օժանդակում են գործին: Սա միաբերան վկայում են հաստատությունների ղեկավարները:
Նրանք հավաստիացնում են, որ երեխաների հետ տարվող դաստիարակչական աշխատանքը հիմնականում հենված է բացատրական եղանակի, համոզման մեթոդների վրա: Մեծ աշխատանք են կատարում սոցմանկավարժները, ովքեր այցելում են աշակերտների ընտանիքներին, փորձում ծնողներին ներգրավել իրենց երեխայի դաստիարակության գործին: Արդյունքի չհասնելու դեպքում են միայն դիմում ՆԳՆ-ի երեխաների հարցերով զբաղվող տեսուչներին: Մտավոր թերզարգացում ունեցող երեխայի դեպքում, իհարկե, մի փոքր այլ է: «Նա բացատրելով կամ ասելով չի ընկալում, նրան փորձում ենք անընդհատ օրինակ ցույց տալով շտկել»,- ասում է տիկին Կատինյանը:
Երեխաների հոգեկան վիճակի խնդիրների առնչությամբ իր եզրահանգումներն ունի նաեւ պրն Հովհաննիսյանը: Նա գտնում է, որ սխալ է նման ֆիզիոլոգիական խնդիրներով երեխաներին միանգամից հանրակրթական դպրոց տալը: Ճիշտ կլինի, որ գոնե տարրական կրթությունը ստանան նեղ մասնագիտացված դպրոցներում, որտեղ բոլոր պայմանները կան նրանց ուսման, ֆիզիոլոգիական ու հոգեկան խնդիրները հնարավորինս լուծելու համար:
Միանգամից գնալով հանրակրթական դպրոց, ինչը հաճախ անում են նրանց ծնողները' խուսափելով հատուկ դպրոցի պիտակից, որոշ ժամանակ անց նրանք ավելի ծանր հոգեկան վիճակով վերադառնում են այստեղ, քանզի մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ այդպիսի երեխաներին ընդունելու: Երբ հատուկ դպրոցից են գնում այլ հաստատություններ, նրանք արդեն շատ բաներ իրենց մեջ հաղթահարած են լինում եւ ավելի հեշտությամբ են ինտեգրվում հասարակությանը:
Մինչդեռ, տրամաբանորեն հակառակն է պնդում տիկին Կատինյանը: Նա նշում է, որ հատուկ դպրոց անվանումն իսկ երեխաների մոտ բարդույթ է ստեղծում, ճնշում նրանց, դրսում նրանք նույնիսկ աշխատում են թաքցնել, թե որ ուսումնական հաստատությունում են սովորում: «Իհարկե, ճնշողը ոչ թե դպրոցի անվանումն է, այլ երեխայի կարգավիճակը, նրա ընտանիքի սոցիալական վիճակը, որի արդյունքում ինքը հայտնվել է այստեղ»:
Ընդհանրապես, դպրոցների վիճակը մխիթարական համարել չի կարելի, որոշ բացառությամբ թիվ 5 դպրոցի, որը վերջին անգամ վերանորոգվել է 1989թ. «Առաքելություն արեւելք» կազմակերպության շնորհիվ, բայց սանհանգույցների մաշվածությունն ու գույքի հնացածությունն ակնհայտ են: Մյուս երկու դպրոցների վիճակը մի կերպ բավարար կարելի է համարել:
Թիվ 9 դպրոցի շենքը հարմարեցված շինություն է երկու փոքրիկ մասնաշենքերով: Տնօրենի տեղեկացմամբ' դպրոցական մասնաշենքերի միջնապատերը ստվարաթղթից են' մի կերպ հարմարեցված, միջոցառումների դահլիճ էլ չունեն, սակայն վերջերս, դարձյալ սեփական ուժերով, դպրոցի նկուղային հարկը վերափոխել ու հարմարեցրել են այդ նպատակին: Եվս մեկ մասնաշենքում էլ տեղավորված են խոհանոցը, ճաշարանը, լվացքատունը եւ երեխաների ննջարանները: Պայմաններ այստեղ ընդհանրապես չկան, պարզապես ամեն ինչ մի կերպ հարմարեցված է' թե՛ դպրոցական, թե՛ հանգստի ու քնի հարկաբաժիններում գոյություն ունեցող սանհանգույցները հազիվ էին կարողանում իրենց «առաքելությունն» իրականացնել բազմաթիվ ամրացումների արդյունքում: Մահճակալների ներքնակների ու ծածկոցների մաշվածությունից դրանց երեսպատող կտորների գույնը հազիվ էր երեւում, իսկ տեղ-տեղ էլ ուղղակի պատռված էին: Չկային պահարանիկներ երեխաների հիգիենայի պարագաների ու առաջին անհրաժեշտության իրերի համար: Հանգստի ու խաղերի համար նախատեսված սենյակում կար միայն հեռուստացույց, խարխլված մի բազմոց ու մի քանի աթոռ:
«Ինչ-որ անում ենք, անում ենք մեր ներուժով, անհատական նախաձեռնությամբ, ոչ մի հովանավոր, միջազգային կամ տեղական ՀԿ մեզ չի աջակցում»,- համընդհանուր անտարբերությունից դժգոհեց պրն Հովհաննիսյանը:
Տիկին Կատինյանը գոհունակություն հայտնեց հասարակական կազմակերպություններից, նրանք պարբերաբար այցելել են իրենց, ծանոթացել խնդիրներին, մի շարք հարցերում էլ աջակցել: Համագործակցել են «WORLD VISION», «Առաքելություն արեւելք», «Հույսի կամուրջ» ՀԿ-ների հետ եւ համատեղ ջանքերով ստեղծել ներառական կրթության, թույլ ու խորը մտավոր թերզարգացում ունեցող երեխաների ուսուցման չափորոշիչները: Բացի այս, Ֆրանս-հայկական հիմնադրամը, «Ասպա», «Աիստ» ՀԿ-ները դպրոցին օգնել են գրենական պիտույքների, երեխայի առօրյայի պայմանների ու սննդի լավացման հարցերով: Այս տարի էլ «Անգլիան Հայաստանի համար» կազմակերպությունն է գրենական պիտույքներ ու հագուստ տրամադրել:
Աշակերտները միաբերան հավաստում էին, որ իրենց լավ են զգում դպրոցում, դժգոհ չեն սննդից ու պայմաններից, միմյանց ընդմիջելով իրենց համակրանքն ու սերն էին արտահայտում այս կամ այն ուսուցչի կամ դաստիարակի նկատմամբ: Թիվ 5 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Տիրուհին ձեռքերը հնարավորինս լայն տարածելով փորձում էր ցույց տալ, թե որքան է սիրում ընկ Գայանեին եւ վստահեցնում, որ իրենց սերը փոխադարձ է: Լուիզան ասում էր, որ այստեղ իրեն ավելի լավ է զգում, քան տանը: Նրանք հավաստում էին, որ շաբաթ օրերը մայրիկը կամ հայրիկը իրենց տուն են տանում (մինչդեռ տնօրենը պնդում էր, որ շատերի ծնողներն ամիսը մեկ անգամ հազիվ են այցելում):
Նույնն էին նաեւ թիվ 9 դպրոցի աշակերտների պատասխանները: 5-րդ դասարանցի Հայարփին, որը Նոր Հաճնից է, շաբաթ եւ կիրակի օրերին տուն է գնում, բայց չի դժգոհում, ասում է, որ իրեն լավ է զգում այստեղ: Աբովյանցի Արթուրը, սակայն, մեր հարցից փոքր-ինչ հուզվեց ու նեղսրտած, բայց բավականին հաջող արտաբերությամբ պատասխանեց, որ, իհարկե, կգերադասեր տուն գնալ, բայց ծնողների նյութական վիճակը թույլ չի տալիս ամեն օր տրանսպորտից օգտվել, դրա համար էլ շաբաթ օրերն է գնում:
Չնայած հիշատակված դպրոցները Երեւանում գտնվում են քաղաքապետարանի, իսկ մարզերում՝ մարզային ենթակայության տակ, ինչպես նաեւ՝ Կրթության ու գիտության նախարարության վերահսկողության ներքո, սակայն պետությունը սահմանափակվում է միայն ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելով ու սննդի գումար հատկացնելով: Իսկ ի՞նչ չափորոշիչներով (եթե դրանք, իհարկե, կան) են ընտրվում հատուկ դպրոցների մանկավարժները, դաստիարակներներն ու դայակները: Արդյո՞ք հաշվի են առնվում նրանց բարոյական նկարագրի, հոգեկան առողջության խնդիրները: ԿԳՆ-ի աշխատակից Ա. Մուրադյանը նախ փորձեց հիշել մանկավարժի ընդունելության կարգի նորմատիվները, բայց չմտաբերեց ու կարճ ասաց. «Նշանակվում են ինչպես հանրակրթական դպրոցի ուսուցիչը: Եթե ունի բարձրագույն կրթություն եւ որեւէ առարկայի մասնագետ է»: Հավելեց, որ այժմ ԿԳՆ-ն մշակում է մանկավարժների ատեստավորման նոր կարգ, որտեղ պետք է ներառվեն նաեւ մանկավարժի բարոյական նկարագրի ու հո գեկան առողջության խնդիրները:
Ի դեպ, նրանից փորձեցինք պարզել նաեւ վերջին տարիներին Նուբարաշենի թիվ 1, 11, 18 հատուկ դպրոցներում երեխաների նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ նախարարության ձեռնարկած հնարավոր աշխատանքների, հետեւությունների եւ վերահսկողության մեխանիզմների իրականացման մասին: «Իսկ հանրակրթական դպրոցներում նման դեպքեր չեղա՞ն»,- եղավ տիկին Մուրադյանի պատասխանը: Կարծես դրանով մեղմվում էր հիշյալ դեպքերի հանցավորության աստիճանը կամ նվազում նախարարության ու նրա ենթակառուցվածքների պատասխանատվության չափը: Որպես կատարված աշխատանքի արդյունք' տեղեկացրեց, որ թիվ18 դպրոցի տնօրենը փոխվել է, ՀԿ է մուտք գործել այնտեղ եւ հիմա այն բաց հաստատություն է դարձել: Ըստ էության, նախարարությանը բավարարել է հիշյալ արդյունքը: Այս դպրոցների նկատմամբ իրականացվող վերահսկողությունը հանձնել են ՀԿ-ին ու մի կողմ քաշվել, քանզի դպրոցներ այցելելու մասին մեր հարցն անպատասխան մնաց:
Տեղին է նշել, որ հանրապետությունում առկա երեխաների հիմնախնդիրներով զբաղվող շուրջ 300 միջազգային ու տեղական կազմակերպություններից եւ ոչ մեկը չի զբաղվում հատուկ դպրոցների երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով: Լավագույն դեպքում իրականացնում են կրթական բարեփոխումների ծրագրեր: Մինչդեռ, առնվազն վերջին երեք տարիների ընթացքում արդեն բացահայտվել են բռնությունների բազմաթիվ դեպքեր եւ լրատվամիջոցներն էլ քանիցս անդրադարձել են դրանց: Թե քանի՞սն են մնում չբացահայտված, դժվար է ասել, որովհետեւ բացահայտվածներն էլ եղել են պատահականությունների, եւ ոչ թե վերահսկողություն իրականացնող մարմինների կամ ՀԿ-ի հետեւողական աշխատանքի արդյունք:
Մետաքսե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել