Ապրելու իմ ճիգը հերոսություն չհամարեք
40-ամյա Յակով Ալթունյանը ոտքեր չունի: Փորձում է շատ չդժգոհել, որ չտարբերվի։ Յակովը ոտքերը կորցրել է 93-ի օգոստոսի 18-ին: «Ես նավոդչիկ էի, կրակ ուղղորդող, թուրքերի դիրքերի կոորդինատոր»,-կենսագրության ազատամարտին առնչվող մասը մանրամասնում է նա: Ֆիզուլին գրավելիս հատկապես նա է ճշտել ադրբեջանցիների այն դիրքերը, որոնց ուղղությամբ պետք էր կրակել: Իսկ ոտքե՞րը: «Պայթել եմ ականի վրա»,-այս բառերով էլ նա սկսում եւ ավարտում է պատմությունն իր ոտքերի բացակայության մասին:
Հիմա ոտքերին անվավոր ինքնաշեն մի տախտակ է փոխարինում, որը գետնից մոտ տասը սանտիմետր է բարձր: Ոչ թե շարժվում է, այլ քարշ է գալիս: Երկու ձեռքին ռանդա հիշեցնող տախտակներ են, որոնց օգնությամբ իրեն հրում է առաջ:
«Ոտքերը կյանքի գլխավոր շարժիչը չեն, չկա' չկա: Թող չլինի»,-ուսերն է թափ տալիս Յակովը: Վիրավորվելու հենց հաջորդ օրն էլ հայերը գրավել են Ֆիզուլին: Նա ԼՂ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում միակ հաշմանդամն է: «Պատերազմում ոչ ոք իրեն չխնայեց, խնայելը հետո սկսվեց»,-ասում է նա: Իսկ իրենց խնայողներին Յակովը վաղուց չի տեսել իր գյուղում, իր շրջանում, նրանց մասին կարդացել է թերթերում, տեսել է հեռուստացույցով. «Դրանք հիմի վաժնի են»:
Դժվար է ասել, թե նա այսօր ընկճված է: Վստահեցնում է, որ ոտքերից զրկվելու առաջին օրերին էլ ընկճված չէր, պարզապես զգացումներն էին ուրիշ: «Նոր զգացումը գիտե՞ս ոնց ա, սկզբում ավելի հեշտ ես տանում, տարված ես Հայրենիքով, ժողովրդով, լսում ես, որ քեզնից հետո էլ եղել են վիրավորներ զոհեր: Առաջին 3 տարին նրանցով ես ապրում: Նոր կյանքը հետո սկսվեց, այլ աչքով նայելը սկսվեց խաղաղության մեջ: Հլը ամուսնացած չէի»:
Երկար ժամանակ չի էլ պատկերացրել, թ ե կգտնվի մեկը, ով կամուսն անա իր հետ: Նա գյուղում ընկալվում էր հերոս ոչ թե որպես ազատամարտիկ, այլ իբրեւ մի մարդ, ով չի մտածում ինքնասպանության մասին: «Ես չեմ կարա ասեմ, որ չեմ ուզում ապրեմ, բոլորին թեւաթափ կանեմ»,-ասում է Յակովը: Չի թաքցնում, որ ապրում է ուժերի գերագույն լարումով: Աշխարհը նրա համար Մեծ Թաղլարն է, ոչ մի տեղ չի կարող գնալ, գյուղից դուրս էլ նրանով ոչ ոք չի հետաքրքրվում: «Պետությունը 41 հազար դրամ հաշմանդամի թոշակ է տալիս: 3 տարի խնդրում էի տանս կտուրը փոխել: Էլի իմ օգնությամբ Հադրութի վարչակազմը փոխեց»,-պատմում է Յակով Ալթունյանը:
Պետությունը մի բան էլ է արել Յակովի համար' պարգեւատրել էր նրան «Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ անձնական արիության համար» Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանով: Հետո տեղի թերթերից մեկում մի հոդված էին տպել նրա մասին: Ու վերջ:
![]() |
![]() |
![]() |
Յակովն ապրում էր առանց հավակնությունների, ավելի շուտ' երազելով: Երազում էր ընտանիք ունենալու մասին: Եվ ասես երկնքից հայտնվեց նրա սերը: 1999-ին 10-րդ դասարանն ավարտելուց հետո Իննա Միրզախանյանն ամուսնացավ Յակովի հետ: «Մինչեւ հիմա գյուղում ոչ ոք չունի էն հարցի պատասխանը, թե ա ղջիկն ինչի՞ 10-րդ դասարանն ավարտեց ու ամուսնացավ իմ հետ»,-ասում է նա: Իննան հիշում է, որ երբ ինքը 8-րդ դասարանում էր, Յակովը նրա հոր հետ աշխատում էր ինչ-որ հիմնարկի հաշվապահությունում:
«Ինքը որպես հաշմանդամ, գյուղում բոլորն էլ իրան հարգում էին: Գալիս էր մեր տուն, ինձ հարցեր էր տալիս, թե կամուսնանայի՞ր հաշմանդամի հետ: Ըտենց հարցերով էլ մոտիկացանք: 10-րդ դասարանում էլ սիրահարվեցի»,-հիշում է Իննան:
Ինչպես ամբողջ գյուղում, նրանց տանն էլ բաղնիք ու զուգարան չկա։ Զուգարանի փայտաշեն տնակը տնամերձ հողի ծայրին է։ Յակովն ուզում է զուգարանն այգուց «բերել» տուն, 2-րդ հարկ: «Ձմռանը ես վերեւից պիտի իջնեմ, մտնեմ այգի, գնամ զուգարան, երեխես տեսնում ա, թե ուր եմ գնում: Էդ էն գործն ա, որ ոչ մեկը չի կարա օգնի»,-ասում է Յակովը:
Ամուսնությունից հետո Յակովն ավելի հնարամիտ է դարձել։ Տան կտուրում լիքը գրքեր կան, կարդալու ժամանակն էլ շատ է: Ի՞նչ անի: Կնոջը չի ուզում անընդհատ ուղարկել կտուր գիրք բերելու: Նրա օգնությամբ կտուրից մի պարան է կախել ու երբ նոր գիրք է ուզում վերցնել, պարանով մագլցում է: Դրանք, ասում է, շատ հին գրքերն են' հայրենասիրական:
Իր տան եւ տնտեսության հետ Յակովն ինձ անձամբ է ծանոթացնում: Տախտակը գլորվում է եւ ես տեսնում եմ օղի թորելու ինքնաշեն ապարատը: Տախտակը գլորվում է եւ ես տեսնում եմ խոզանոցը: Տախտակը գլորվում է ու Յակովը քիչ է մնում բախվի որդու' 5-ամյա Գրիգորի, հեծանիվին:
Հետո ուղեկցում է երկրորդ հարկ: Աստիճաններով բարձրանալն իսկական դժոխք է նրա համար: Ոչ քայլում է, ոչ էլ' գլորվում, բայց ոչ մեկից օգնություն չի խնդրում։ Աստիճաններն այնքան բարձր են, որ անգամ դստեր՝ 6-ամյա Մարիամի, համար են անհարմար։ Չի էլ մտածում այն մասին, որ տան աստիճանները պետք է հարմարեցվեն տեղաշարժվելու դժվարություն ունեցող մարդու կարիքներին:
Միջանցքում ցույց է տալիս հաշմանդամի սայլակը, որից գրեթե չի օգտվում, միայն երկրորդ հարկում, այն էլ ձմռանը: Հետո նույն տառապալից «քայլերը» աստիճաններով ներքեւ եւ մտնում ենք տան առաջին հարկ, որը նախկինում նկուղ էր: Ընտանիքով ամառն այստեղ են անցկացնում։
Յակովն առաջարկում է խմել իր քաշած թթի օղուց: Կենաց է ասում' Աստծուց ես առողջություն չեմ խնդրում, այլ' խաղաղություն: Խմում է:
Որդին նույնպես ուզում է խմել ու բաժակ խփել: Նրա բաժակի մեջ հանքային ջուր են լցնում ու Յակովն ասում է հաջորդ կենացը՝ ես հավատում եմ Աստծուն, բայց նրանից հո չեմ խնդրելու, որ իմ փիլաքյանը սարքի, ես հո նրա ուշադրությունը չեմ շեղելու ավելի կարեւոր գործերից:
«Թող մարդիկ իմ ապրելու ճիգը հերոսություն չհամարեն ու չզարմանան, թե էսպես ոնց եմ ապրում: Թող սիրեն էս երկիրը»,-ասում է նա ու կենացը չավարտած խմում: Երեխայի բաժակը մնում է օդում: Իմը' նույնպես:
Մհեր Արշակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ


Մեկնաբանել