
Նախկին պատգամավորներն ու նրանց մերձավորներն ունեն հարկային պարտավորություններ
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում չեն կարողանում հողի և գույքահարկի գծով խոշոր (500 հազ. դրամ և ավելի) պարտավորություն ունեցողներից հավաքագրել հարկերը: Պարտք ունեցողների թվում են նախկին պատգամավորներ, պատգամավորների որդիներ, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկություններ:
2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտք ունեցողների վերաբերյալ տվյալները հրապարակվել է Արմավիրի մարզպետարանի կայքէջում: Ըստ այդմ, մարզում խոշոր հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի հարկի ապառքը և տույժ-տուգանքները կազմում են 204 մլն 959 հազար դրամ, իսկ գույքահարկի ապառքը և տույժերն ու տուգանքները՝ 222 մլն 630 հազար դրամ:
Ավտոմեքենայի գույքահարկի գծով Էջմիածնի համայնքապետարանին մոտ 3 մլն 584 հազար դրամի պարք ունի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արմեն Հակոբյանը: Դեռևս Էջմիածնի նախկին համայնքապետ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման տարիներից որոշումներ են կայացվել Արմեն Հակոբյանին պատկանող «BENTLY-CONTINENTAL GT 6.0» մակնիշի ավտոմեքենայի ժամանակին չվճարված գույքահարկը գանձելու մասին, սակայն՝ անօգուտ:
Արմեն Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, թե տարիներ առաջ դժբախտ պատահար է եղել և որդու «BENTLY-CONTINENTAL GT 6.0» մակնիշի ավտոմեքենան այրվել է:
«Այդ ավտոմեքենան գոյություն չունի: Ոստիկանությունը տեղյակ է, կամեռաներով թող ստուգեն, այդ ավտոն օգտագործվե՞լ է, թե՞ ոչ: Չգիտեմ, թե ինչի է պարտքեր գոյացել»,- ասում է Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանի եղբայրը, ում անունը նույնպես Արմեն է, շենք-շինություններ ունի մարզի Նորակերտ համայնքում: Նշված անշարժ գույքի գծով ապառքները՝ ներառյալ տույժ-տուգանքները, կազմում են մոտ 5 մլն 352 հազար դրամ, որը նույնպես չի վճարվել:
«Եղբայրս մահացել է, իրավահաջորդ չկա, որ վճարումներ կատարի»,- ասում է Հակոբ Հակոբյանը: Վերջինս դժվարացավ պատասխանել, թե ինչպես պետք է մարվի Հակոբյանների անունով գոյացած պարտքերը:
Այգեկի համայնքապետարանին, 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, մոտ 1 մլն 732 հազար դրամի պարտք ունի նաև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Պարզվում է՝ նա չի վճարել իր ավտոմեքենայի գույքահարկը:
2 մլն 300 հազար դրամի է հասել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի Մերսեդես GL 450 մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը: Այս ամիսների ընթացքում պարտքն աճել է, քանի որ մարզպետարանի կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Գասպարյանի պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 79 հազար դրամ:
Ռուստամ Գասպարյանը ավտոմեքենայի գույքահարկը չվճարելու «սովորություն» ունի: «Հետք»-ը դեռևս տարիներ առաջ էր գրել, որ նախկին պատգամավորը հարկային պարտավորությունները չի կատարում: 2016թ. Արմավիրի համայնքապետարանը երկու հայցադիմում էր ներկայացրել Ռ. Գասպարյանի դեմ: Վերջինս չէր վճարել իր «Մերսեդես-Բենց GL450 4MATIC» և «Նիսսան Արմադա 5.6» մակնիշների ավտոմեքենաների գույքահարկը: Դատարանը մասնակի բավարարել էր համայնքապետարանի հայցը և այն ժամանակ պատգամավոր Ռ. Գասպարյանից բռնագանձել գումարները: Սակայն, պարզվում է, դրանից հետո էլ նախկին պատգամավորը չի վճարում հարկերը:
Ռուստամ Գասպարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նա կամ չէր պատասխանում հեռախոսազանգերին, կամ անհասանելի էր:
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, Էջմիածնի համայնքապետարանի նկատմամբ մոտ 7 մլն դրամի չկատարված պարտավորություն ունի Էջմիածնի պահածոների գործարանը:
Դեռևս 2019թ. հոկտեմբերի 16-ին Էջմիածնի համայնքապետը գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին որոշում էր կայացրել: Այդ ժամանակ որոշվել էր բռնագանձել 2 մլն 425 հազար դրամ:
Պահածոների գործարանը Էջմիածնի համայնքապետի նշված որոշումը բողոքարկում է դատարան: Համայնքապետի 16.10.2019թ. թիվ 859 որոշումն անվավեր ճանաչելու պահանջ դատարանին ներկայացվել է 2019թ. դեկտեմբերի 18-ին: Առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 21-ին:
Մոտ 2 մլն 125 հազար դրամի չկատարած հարկային պարտավորություն է ունեցել նաև «Էջմիածնի հաց» ընկերությունը: Վերջինս պատկանում է նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին:
«Էջմիածնի հաց»-ից չկատարած հարկային պարտավորությունների վերաբերյալ Էջմիածնի համայնքապետը ևս պարբերաբար որոշումներ կայացրել է, սակայն դրանք այդպես էլ մնացել են անկատար:
Նախորդ տարեվերջի դրությամբ, Էջմիածնի համայնքապետարանին շենք- շինությունների գծով չվճարված գույքահարկի գումար է պարտք նաև Էջմիածնի նախկին համայնքապետ Հրաչիկ Աբգարյանը: Վերջինս համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 2002-2005թթ.: Հ. Աբգարյանի պարտավորության չափը՝ տույժ-տուգանքներով, կազմում է 1 մլն 295 հազար դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել