
Վարչապետը վստահեցնում է` Վրաստանի սահմանին իրանական մթերքով բեռնված հայկական բեռնատարների հարցը լուծված է
Իրանական ծագման մթերք տեղափոխող բեռնատարների` հայ-վրացական սահմանին կուտակումների հարցը լուծված է:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-վրացական սահմանում բեռնատարների կուտակումներին:
«Վրաստանը խնդիրներ է ստեղծել Իրանից մթերք փոխադրող մեր ընկերությունների և անհատների համար, և վաթսունից ավելի մեքենաներ չեն կարողանում հատել սահմանը: Արդյոք Վրաստան այցի շջանակներում անդրադարձ եղե՞լ է այդ հարցին»,- ասաց Կարապետյանը` դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք, պայմանավորվել ենք հետևյալը, որ մեքենաները, որոնք տրանզիտ նշանակության են, կուղեկցվեն, և եթե ընդունող երկիրը առարկություն չունի, այդ մեքենաները կգնան, կհասնեն հասցեատերերին: Այսօր մենք ճշտեցինք նաև՝ ընդունող երկրի հետ կարծես թե խնդիր չկա, բոլոր մեքենաները կշարժվեն և կհասնեն վերջնական հասցեատերերին»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորն արձագանքեց` կարող ենք փաստել, որ հարցը վերջնական լուծում է ստացել, վարչապետը դրական պատասխան տվեց:
«Եթե ընդունող երկիրը, օրինակ՝ ենթադրենք Իրանից Վրաստան կամ Ռուսաստան է գնում, համաձայն է այդ ապրանքն ընդունել, եթե վերջնական հասցեատեր երկիրը խնդիր չունի ապրանքի հետ, այդ ապրանքը կգնա: Հասկանալիորեն Վրաստանի կառավարությունը չէր ուզենա, որ այդ մեքենաները գնային ու իրենց սահմանին կանգնեին այն դեպքում, եթե երրորդ երկիրը չէր ընդունի: Դա իրենց համար պրոբլեմ կդառնար: Այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, եթե իմ ասածի կտրվածքով խնդիր չառանաջա, այդ մեքենաները երրորդ երկիր կհասնեն»,- եզրափակեց Փաշինյանը:
Մեկնաբանել