
Նիկոլ Փաշինյան. «Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, ցանկություն էլ չունեմ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Կառավարության կազմում գտնվող նախարարներին, որոնք նախկինում էլ են պաշտոնավարել, չի հարցրել` ծրարով աշխատավա՞րձ ստացել են, թե՝ ոչ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցադրմանը: Վերջինս հիշեցրել էր վարչապետի խոսքերը, որ նախկինում պաշտոնյաները ծրարով աշխատավարձ են ստացել, և հետաքրքրվեց, թե արդյոք իրավապահները զբաղվել են այդ հայտարարությամբ, թե ոչ:
«Ձեր կառավարության կազմում կան պաշտոնյաներ, որոնք նախկինում էլ են պաշտոնավարել, իրենց հարցրե՞լ եք՝ ծրարով գումար ստացե՞լ են, արդյոք մա՞ս են կազմել այդ համակարգային կոռուպցիային: Դուք իրենց այդ հարցը ուղղե՞լ եք, թե՝ ոչ»,- ասաց Թանդիլյանը:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց` իրավապահ մարմինները չեն հասցնում զբաղվել իր հայտարարություններով, ինքն էլ դժգոհում է վերջիններիս աշխատանքներից` կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի հարցով:
«Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, ցանկություն էլ չունեմ: Երբ իրավապահ մարմինները հասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, մենք կարող ենք արձանագրել, որ համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել: Պետք է արձանագրենք նաև, որ նման պրոցեսը կարող է տեղի ուենալ երկու մարդու միջև, և դրա բացահայտումն այդքան էլ հեշտ չէ»,- ասաց նա:
Փաշինյնաը բացառեց, որ այժմ նման երևույթ լինի Կառավարությունում, սակայն խնդրեց նման տեղեկություն ունենալու դեպքում բարձրաձայնել:
Մանե Թանդիլյանն արձագանքեց` ոչ թե հարցաքննելու մասին էր խոսում, այլ պարզապես իր ենթականերին հարց տալու մասին: Փաշինյանն էլ հիշեցրեց, որ Թանդիլյանը ևս իր Կառավարության կազմում է եղել` արդյոք իր պաշտոնավարման շրջանում նման բան եղե՞լ է, թե՝ ոչ: Թանդիլյանը տեղից խոսում էր, սակայն նրա ձայնը լսելի չէր:
Մեկնաբանել