
Հերիքնազ Տիգրանյան. «Ինչու ենք կարծում, որ դատավորը չի կարողանա կարդալ և կիրառել այն օրենքը, որն ընդունել է 25 տարին լրացած պատգամավորը»
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններով դատավորների գնահատման չափանիշներն են` գույքային դրությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, արհեստավարժությունը:
Այս մասին նախագծի խորհրդարանական քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Ինձ համար տարակուսելի է, որ քննարկվող հարցը դատավորի տարիքային ցենզի իջեցումն է: Եթե վստահություն վայելող դատական համակարգ ունենայինք, նախընտրելի կլիներ բարձր շեմ սահմանելը, բայց եթե խոսում ենք նոր իրավիճակում նոր դատական համակարգ ձևավորելու մասին, որին պետք է լինի անվերապահ վստահություն, համոզված եմ այն տեսակետում, որ համակարգը պետք է համալրվի անփորձ, բայց որևէ վատ հետագիծ չունեցող մասնագետներով: Եւ եթե 25 տարեկան անձին հնարավորություն ենք տալիս ընտրվել պատգամավոր և ընդունել օրենքներ, իսկ դատավորն արդարադատություն իրականացնելիս առաջնորդվելու է օրենքներով, հետևաբար՝ ինչու ենք կարծում, որ դատավորը չի կարողանա կարդալ և կիրառել այն օրենքը, որն ընդունել է 25 տարին լրացած պատգամավորը»,- ասաց Տիգրանյանը:
Պատգամավորը կարևորեց էթիկայի և կարգապահական հանձնաժողովներում քաղհասարակության երկու ներկայացուցիչ ունենալու առաջարկը:
«Դեռ չեն ձևավորվել այդ հանձնաժողովները, այստեղ արդեն կասկածներ են հնչում, թե ովքեր են լինելու այդ ՀԿ-ները, օրենքում հստակ գրված է` պետք է լինի մրցույթ: Էդպես կարելի է ամեն ինչ կասկածել ու որևէ բարեփոխում չանել, բայց էս իշխանությունն անհանդուրժող է վստահություն չվայելող դատական համակարգի հարցում, և փոփոխություններն ավելի արմատական են լինելու»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել