
Գագիկ Բաղդասարյանը մտածում է Աջափնյակում առաջադրվելու մասին
Վերջերս «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքած, ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը թեեւ չի որոշել, թե ինչ ձեւաչափով կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, սակայն մտածում է Աջափնյակում մեծամասնականով առաջադրվելու մասին: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Գագիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ մինչեւ առաջադրման վերջնաժամկետը` մարտի 22-ը, հստակ կորոշի:
Գագիկ Բաղդասարյանն ասաց, թե նախորդ ընտրություններին Աջափնյակում եւս մեծամասնականով առաջադրվել է եւ «լուրջ ձայներ» է հավաքել` մոտ 7000:
Վաղը կայանալու է «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը: Գագիկ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, արդյոք հրավիրվիրվա՞ծ է համագումարին:
«Ես ի՞նչ կապ ունեմ ՕԵԿ-ի հետ, որ ինձ հրավիրեն համագումարին»,-ասաց պատգամավորը: Այն հարցին, թե կուսակցությունից դուրս գալուց հետո ՕԵԿ-ի ներկայացուցիչները երկխոսելու փորձ արե՞լ են, Գ. Բաղդասարյանը պատասխանեց. «Ես թույլ չեմ տվել, որ այդպիսի քայլ անեն»:
Մեկնաբանել