
Ավելի քան 36 000 երեխա կմասնակցի «Կենգուրու 2012»-ին
Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: Ավարտված է նաև այս տարվա մրցույթի հայտերի ընդունման ժամկետը. «Կենգուրու 2012»-ին մասնակցելու են ավելի քան 36 000 երեխաներ Հայաստանի և Արցախի մոտ 900 դպրոցներից: Այս թվերը գալիս են վերստին ապացուցելու, որ երեխաների հետաքրքրությունը մաթեմատիկայի այս մրցույթի հանդեպ չի պակասում:
«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ վաճառքում են «Կենգուրուի» խնդրագրքերը, որտեղ ամփոփված են 2008-2009 թթ. և 2010 թ. ավելի քան 400 խնդիրներն՝ իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպես օժանդակ նյութ՝ արտադասարանային պարապմունքներ անցկացնելու, մաթեմատիկայի օլիմպիադաներին, «Կենգուրու» մրցույթին նախապատրաստվելու համար: «Կենգուրուի» խնդրագրքերը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներից:
Մեկնաբանել