«Հայացք». Բրյուսելն ուզում է «խցկվել» Ղարաբաղյան գործընթացի մեջ
Նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խորհուրդը ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն ընդունեց: Նշելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներդրած ջանքերը` Եվրամիության արտաքին հարցերով խորհուրդը մտահոգություն է հայտնում հակամարտության կարգավորման դանդաղ առաջընթացի կապակցությամբ և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել ջանքերը: «Եվրամիությունը պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել վստահության ամրապնդման միջոցառումներին: Այս կապակցությամբ Եվրամիությունը ընդգծում է ԵՄ ներկայացուցիչների անվերապահ մուտքի անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ և նրան հարակից շրջաններ: Խորհուրդը կոչ է անում ԵՄ Գերագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին, ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, մշակել հետկոնֆլիկտային սցենարներ Լեռնային Ղարաբաղի համար, որպես հիմք Եվրամիության ապագա մասնակցության առումով»,- նշված է հայտարարության մեջ:
Այդ փաստաթղթի ընդունումից մեկ օր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Ք. Էշթոնը հերթական անգամ հայտարարեց, որ Եվրամիությունը կցանկանար ավելի ծանրակշիռ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում` Ադրբեջանին և Հայաստանին աջակցելու առումով: «Այդ հակամարտությունը շատ բարդ է, և անհրաժեշտ է այն կարգավորել: Մենք կքննարկենք, թե Եվրամիության խորհուրդը ինչ կարող է անել այս կապակցությամբ: Թեպետ Եվրամիությունը անմիջական միջնորդ չէ, սակայն այդ տարածաշրջանում նշանակված է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը»,- նշել է Ք. Էշթոնը:
Ընդ որում, եթե նախկինում ԵՄ արտաքին հարցերով Գերագույն հանձնակատարը, որպես կանոն, նշում էր, թե Եվրամիության ակտիվացումը կարգավորման գործընթացում չի ենթադրելու Ֆրանսիայի միջնորդության դադարեցում, ապա այս անգամ ո՛չ նրա խոսքում, ոչ էլ հետո ընդունված հայտարարության մեջ նման հղում չկա: Ըստ ամենայնի, Բրյուսելում նստած եվրաչինովնիկների մի շրջանակ կա, որ ցանկանում է իրագործել այդպիսի «ռոտացիա», սակայն չի համարձակվում այդ մասին բարձրաձայն ասել, որովհետև Ֆրանսիան Եվրամիության առանցքային պետություններից է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկը, և ուղղակիորեն պահանջել Ղարաբաղյան կարգավորումից Փարիզի մասնակցության դադարեցում` այնքան էլ հեշտ բան չէ: Բայց մյուս կողմից` եվրաչինովնիկների այս ցանկությանը նպաստում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի շուրջ Անկարայի և Բաքվի նախաձեռնած վայնասունը` Ղարաբաղյան գործընթացում Ֆրանսիային իբրև ոչ օբյեկտիվ, հայասեր միջնորդ ներկայացնելու ուղղությամբ:
Ավելի քան տարօրինակ է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի հայտարարության այն մասը, որում ընդգծվում է «ԵՄ ներկայացուցիչների անվերապահ մուտքի ապահովման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ»: Հասկանալի չէ` ի՞նչ «անվերապահ մուտքի ապահովման» մասին է խոսքը: Կարելի է ենթադրել, որ մինչ այժմ այդ կապակցությամբ վերապահությո՞ւն է եղել: Քանի որ Լեռնային Ղարաբաղն ու «հարակից շրջանները» հայկական հսկողության ներքո են, ստացվում է, որ հայկական կո՞ղմն է ունեցել վերապահություններ: Եթե այո, ապա ինչո՞ւ այդ մասին ուղղակի չի ասվում:
Ադրբեջանական նավթով և գազով որոշ եվրաչինովնիկների շահագրգռվածությունը գաղտնիք չէ: Դրանց թվին են պատկանում հատկապես Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Գ. Օտտինգերը և նույն Ք. Էշթոնը, որն իր տարածաշրջանային այցի առաջին հանգրվան ընտրեց Բաքուն, ոչ թե Թբիլիսին կամ Երևանը, և այնտեղ մի շարք հայտարարություններ արեց Եվրամիության էներգետիկ քաղաքականության մեջ Ադրբեջանի կարևոր դերի մասին: Ըստ ռուսական տարբեր փորձագետների` հենց Գ. Օտտինգերը և Ք. Էշթոնն են հանդիսանում «Նաբուկկո» գազամուղի նախագծի իրագործման գլխավոր լոբբիստները Եվրոպական հանձնաժողովում: Եվ չնայած Մոսկվային ու Թեհրանին կարծես հաջողվել է, Թուրքմենստանի վրա ճնշում գործադրելով, Աշգաբադին դուրս բերել այդ նախագծից, ինչն էլ այլևս անիմաստ է դարձնում «Նաբուկկոյի» կառուցումը, բայց դրա փոխարեն կա տրանսանատոլիական գազամուղի նախագիծը, որի շուրջ անցած տարվա աշնանը պայմանավորվեցին Անկարան ու Բաքուն: Սա, իհարկե, «Նաբուկկոյի» նախագծային հզորությունը չունի և նախատեսում է միայն ադրբեջանական գազի արտահանումը Վրաստանով ու Թուրքիայով դեպի Եվրոպա (տարեկան մինչև 10 մլրդ խմ), սակայն դա էլ բավարար է հիշյալ եվրաչինովնիկների` Ադրբեջանով շահագրգռված լինելու համար:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Եվրահանձնաժողովին փաստացի միջնորդի վերածելու ջանքերը, ըստ ամենայնի, պայմանավորված են նրանով, որ Ֆրանսիան Ղարաբաղյան կարգավորման մեջ վարում է հզոր տերության սեփական քաղաքականությունը, որտեղ արտահայտված չեն Ադրբեջանով շահագրգիռ տարբեր եվրոպական շրջանակների շահերը: Դրա համար էլ Բրյուսելից փորձում են, Փարիզի հետ ուղղակի առճակատման մեջ չմտնելով, «արմունկներով տեղ բացել»` միջնորդների շարք խցկելով տարածաշրջանում Եվրամիության ներկայացուցչին և այդպիսով կարգավորման գործընթաց ներմուծելով նոր ազդեցության բևեռ: Հազիվ թե այս նախաձեռնությունը հաջողություն ունենա, որովհետև դրան կընդդիմանան առնվազն Ֆրանսիան և Ռուսաստանը, իսկ նրանց ազդեցությամբ` նաև Հայաստանը: Ինչպես խոստովանել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ն.Մամեդովը, միայն Բաքվի ցանկությունը բավարար չէ միջնորդների «ռոտացիա» անցկացնելու համար:
Այստեղ պետք է լիարժեք կոնսենսուս, իսկ հենց դա՛ չկա և տեսանելի հեռանկարում հազիվ թե լինի:
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել