
Զառիթափ համայնքում Ազատեկի հանքավայրի շահագործմանը բնակիչների մեծ մասը դեմ է արտահայտվել
Այսօր Վայոց ձորի Զառիթափ համայնքում կայացել են նորաստեղծ «Վայք-ինվեստ» ՍՊԸ-ի նախաձեռնած՝ Ազատեկի հանքավայրի շահագործման վերաբերյալ հանրային լսումները։
Համայնքապետ Սիմոն Բաբայանը ներկա չի եղել լսումներին, սակայն լսումներին ներկա գտնված համայնքի ղեկավարի տեղակալ Գառնիկ Գևորգյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքի մեծ մասը դեմ է արտահայտվել Ազատեկի հանքի շահագործմանը։
Գառնիկ Գևորգյանը պատմեց, որ կազմակերպությունը ներկայացրել է իր աշխատանքները, բացատրել, թե ինչպես է շահագործվելու Ազատեկի հանքը, ինչ աշխատանքներ և սոցիալական ծրագրեր են նախատեսում իրականացնել համայնքում։ Ներկաներից եղել են և կողմ, և դեմ արտահայտվողներ, ինչպես նաև ձեռնպահներ։ Այդուհանդերձ, ներկաների մեծամասնությունը դեմ է արտահայտվել։
«Վերջում անուններով ստորագրել են, այս պահին 20 դեմ, 17 կողմ և 1 ձեռնպահ կա։ Բայց մարդիկ կան, որ շուտ են դուրս եկել, հիմա փորձում ենք զանգահարել, հետ կանչել, որ ստորագրեն»,- նշեց Գառնիկ Գևորգյանը։
Մեր դիտարկմանը, որ եթե հանրային քննարկումներն ավարտվել են, ինչու են զանգերով մարդկանց հրավիրում, համայնքապետի տեղակալը բացատրեց՝ մարդիկ են եղել, որ հեռախոսով զրուցելու համար դուրս են եկել և դեռ չեն վերադարձել, փորձում են հասկանալ նաև նրանց դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 9-ին գրանցված «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն ուզում է շահագործել Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրը՝ ստորերկրյա եղանակով։
«Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն հիմնադրել է Արաբկիր վարչական տարածքում գրանցված 31-ամյա Հրաչյա Համլետի Ջանունցը։ Նա նաև ընկերության տնօրենն է։ Հրաչյա Ջանունցի հաշվառման հասցեում գրանցված է նաև Հայկուշ Արամի Օսիկյանը, նույն «Ասսաթ» ՍՊԸ-ի սեփականատեր և Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու հիմնադրած ընկերության տնօրեն Արամ Օսիկյանի դուստրը։
Մեկնաբանել