
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չի դիմել պատկան մարմիններին՝ իր անվտանգությունն ապահովելու հարցով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու փաստի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ոստիկանությանը ահազանգել է երեկ՝ հունվարի 21-ին, ժամը 18:15-ի սահմաններում, և հայտնել, որ իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ։ Թե գնդակը երբ է հայտնվել ապակիների արանքում և ինչ հանգամանքներում, այս պահին պարզ չէ։ Դատարանում աշխատող անձինք կրակոցի ձայներ չեն լսել, որևէ արտառոց հանգամանք չեն նկատել։
Այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ աշխատում է Տաթևիկ Գրիգորյանը, լրագրողների հոսքը չի դադարել։ Վերջիններս փորձում էին դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն ստանալ տեղի ունեցածի և դրան դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ունեցած վերաբերմունքի մասին, պարզել, թե արդյոք վերջինս տեղի ունեցածը կապո՞ւմ է իր մասնագիտական գործունեության հետ, սակայն դատարանի աշխատակազմից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել։
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք դատավոր Գրիգորյանը դիմե՞լ է պատկան մարմիններին՝ իր անվտանգությունն ապահովելու հարցով։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ մինչև այս պահը դատավորն այդ հարցով չի դիմել։
Այսինքն՝ գնդակը աշխատասենյակի պատուհանին հայտնաբերելուց մեկ օր է անցել, սակայն դատավորն իր անվտանգության համար, կարելի է եզրակացնել, անհանգիստ չէ։
Նշենք, որ դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատարանի պահանջով իրավասու պետական մարմինը պարտավոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությանն ապահովելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ։ Գործի հետակա քննությունը իրականացվելու է քննչական կոմիտեում։
Մեկնաբանել