Երևանում մեկնարկել են «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների շտաբային բանակցությունները
2012թ. սեպտեմբերին Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները՝ համաձայն «ՀԱՊԿ կառավարման մարմինների և Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրի»:
Փետրվարի 28-ին Երևանում մեկնարկել են զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:
Բանակցությունների նպատակն է լրամշակել զորավարժությունների մտահաղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորախմբերի, ղեկավարման կազմակերպման և զորավարժությունների ծրագիրը:
Բացելով խորհրդակցությունը և ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը պատվիրակությունների անդամներին է ներկայացրել քննարկվելիք հարցերի շրջանակը:
Շտաբային բանակցությունների մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նա ընդգծել է, որ երկօրյա աշխատանքների ընթացքում կհամաձայնեցվեն զորավարժությունների մտահղացման (ծրագրի) հիմունքները, որոնք մշակվել են միջազգային չափանիշների համաձայն և ենթադրում են բացառապես պայմանական ռազմաքաղաքական իրավիճակ, աշխարհագրական պայմանական տեղանուններ և ռազմաքաղաքական կազմակերպությունների ու պետությունների անվանումներ:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև ՀԱՊԿ միջազգային վարկանիշի բարձրացման նպատակով՝ որոշվել է զորավարժությունների գործնական փուլում ընդգրկել տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների դիտորդների:
Զորավարժությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կանոններն ապահովելու նպատակով շտաբային բանակցություններին և պլանավորվող զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինն վստահություն է հայտնել, որ շտաբային բանակցությունների այս փուլում կհամաձայնեցվեն հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերն, ու կձևավորվեն միասնական տեսակետներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել