
Ինչո՞ւ է Անահիտ Բախշյանը «լեզուն չորացնում». ԱԺ-ում քննարկվում է արտակարգ դրության մասին օրինագիծը
Ազգային ժողովում բուռն քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագիծը քննարկվում է հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով: Ընդդիմադիր և անկախ պատգամավորները քննադատում են նախագիծը և կառավարության հապճեպությունը:
Պատգամավոր Տիգրան Թորոսյանն իր ելույթում անհասկանալի որակեց կառավարության շտապողականությունը՝ նախագիծը 24-ժամյա ռեժիմով քննարկելը: Պատգամավորը նախագծում «վտանգավոր բառեր» է նկատել և պնդում է, որ շտապողականությունը դրանով է պայմանավորված, որ արագ քննարկեն անցնեն:
Տիգրան Թորոսյանի հավաստմամբ՝ Սահմանադրությունն այսօր էլ հնարավորություն տալիս է կարգավորել արտակարգ ռեժիմը և Ազգային ժողովին լայն հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ օրենքի նախագծից «վատ հոտ» առավ: «Այս օրենքը ոչ մի կերպ չի լավացնելու վիճակը, եթե իշխանությունները ևս մեկ անգամ որոշեն իրականացնել «մարտի 1» և, լեզուս չորանա, նորից կլինեն սպանություններ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե գալիք ընտրություններով է պայմանավորված այս նախագիծը, ապա սա շատ վատ զգուշացում է, քանի որ ենթադրվում է, որ իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրության:
«Այսինքն՝ իշխանությունները փորձում են զգուշացնել, որ «ժողովուրդ, տես, եթե փորձես քո հացի խնդրի, քո իրավունքների մասին բարձրաձայնես և պաշտպանես, բանակը կհանեմ քո դեմ»: Աչքովս եմ տեսել, որ 2008թ. մարտի 1-ին հայր ու որդի հայտնվել էին հակառակ կողմերում»,- ավելացրեց Անահիտ Բախշյանը:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անընդհատ ժպտում էր, և դրա համար արժանացավ Անահիտ Բախշյանի նախատինքին. «Չգիտեմ՝ ինչու եք ժպտում, պարոն Ավետիսյան»:
Մեկնաբանել