
Հայկաշենի դպրոցում դաս չի եղել. Արմավիրի մարզի 15 դպրոց լոկալ ջեռուցում չունի
Այսօր նոր տարվա առաջին աշխատանքային օրն էր, սակայն ժամը 12-ի դրությամբ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի միջնակարգ դպրոցի դռները փակ էին: Շենքի ներսում ոչ ոք չկար, վառարանների ծխնելույզներից ծուխ դուրս չէր գալիս: Դպրոցը չունի լոկալ ջեռուցման համակարգ, և ձմռան ամիսներին դասասենյակները ջեռուցվում են հեղուկ վառելիքով:
Հայկաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Հենրիկ Խրոյանը մեզ հետ հեռախոսազրույցում սկզբում զարմացավ, երբ ասացինք, որ դպրոցի դռները փակ են: Տեղեկանալով, որ դպրոցի դիմաց ենք, պատասխանեց, թե շուտ է դուրս եկել դպրոցից, երեխաներն էլ քիչ էին, ուսուցիչները շուտ են տուն գնացել:
«Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց ծնողները երեխաներին դպրոց չէին ուղարկել: Շատ քիչ երեխա էր դպրոց եկել, ուսուցիչներն էլ շուտ են տուն գնացել, մնային ինչ անեին»,- ասում է դպրոցի տնօրենը:
Հենրիկ Խրոյանի խոսքով՝ այսօր դասասենյակներում վառարանները վառել են. «Միջանցքների համեմատ՝ տարբերությունը զգացվում էր»,- հավելեց դպրոցի տնօրենը:
Նշենք, որ Հայկաշեն գյուղը գազիֆիկացված չէ, հետևաբար այստեղ բարդ է լոկալ ջեռուցման հարցը լուծելը: Ծնողները, որոնք չցանկացան անունները հրապարակել, մեզ հետ զրույցում ասացին, որ «սոլյարկայի» հոտից երեխաները վատ են զգում, գլխացավեր են ունենում, այդ իսկ պատճառով խուսափում են դպրոց ուղարկելուց: Բացի այդ, միջանցքները ցուրտ են, դասասենյակներում էլ ցուրտ օրերին հնարավոր չի լինում նորմային մոտ ջերմաստիճան ապահովել, ինչը ևս մեկ պատճառ է երեխաներին դպրոց չուղարկելու համար:
Արմավիրի մարզի 15 դպրոց չունի լոկալ ջեռուցման համակարգ, և ձմռան ամիսներին դասասենյակները տաքացվում են էլեկտրաէներգիայով, հեղուկ վառելիքով կամ գազի վառարաններով:
Արմավիրի մարզպետարանից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ լոկալ ջեռուցում չունեցող բոլոր դպրոցները գտնվում են գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ, ջեռուցում չունեցող 15 դպրոցներում սովորում է 1742 աշակերտ:
Նշենք, որ 15 դպրոցներից 3-ում՝ Ֆերիկի, Հայկավանի և Բաղրամյանի, տարվում են լոկալ ջեռուցման համակարգի անցկացման նախապատրաստական աշխատանքներ: Իսկ մնացած դպրոցների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Մեկնաբանել