
«Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան էջը վարող անձը կալանավորվել է
«Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան էջը վարող անձին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լրատվական կենտրոնից:
Կալանավորված անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
Հիշեցնենք՝ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Դրանից հետո, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը, վերջինս բերման էր ենթարկվել ու ձերբկալվել:
Տեղի ունեցածին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում հետևյալ բովանդակությամբ գրառում էր կատարել.
«Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։
Մեկնաբանել