Արտերկրում նշվել են Հայրենական պատերազմի և Շուշիի ազատագրման հաղթանակները
Նիդերլանդներ
Երեկ Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի և Լյուսդենի քաղաքապետները, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
«Կուդրայստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին «Ռուստհոֆ» գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում է նաև վեց հայ զինվոր, որոնցից մեկի հարազատներին հնարավոր է եղել գտնել անցյալ տարվա ընթացքում:
Հուշահամալիրում բարձրացված էին ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, այդ թվում' Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և քաղաքային իշխանությունները ծաղկեպսակներ դրեցին խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:
Հունաստան
Մայիսի 8-ին Աթենքում ծաղկեպսակներ դրվեցին Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին:
Ծաղկեպսակ դրեց նաև Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին Աթենքում հավատարմագրված' ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Մայիսի 7-ին աշխատանքային այցով Սալոնիկում գտնվող Հայաստանի դեսպանն այցելեց հյուսիսային Հունաստանի Պտոլեմաիդա քաղաքին մերձ Միսովունու գյուղ, որտեղ ծաղիկներ դրեց ֆաշիզմի զոհերի եղբայրական գերեզմանոցում: Գերեզմանոցում է թաղված նաև երեք խորհրդային զինվոր, որոնցից մեկը հայ է: Արարողությանը մասնակցեցին Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները:
Արգենտինա
Մայիսի 8-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացավ միջոցառում' նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին:
Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը մատուցեց սուրբ պատարագ և կատարեց հոգեհանգստի արարողություն: Այնուհետև տաճարի բակում գտնվող, Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացավ հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին դիմեց Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Իր խոսքում դեսպանը զուգահեռներ անցկացրեց Մեծ հայրենականի և Շուշիի հաղթանակների միջև' նշելով, որ Հայրենական պատերազմի ընթացքում հազարավոր հայորդիների գործած սխրանքը օրինակ է ծառայել մեր օրերում' Արցախի ազատագրման համար մղվող պատերազմում:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ' Հայաստանի դեսպանն ու արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Արցախի հերոսների հուշարձանի մոտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել