Գալուստ Սահակյանը վստահ է, որ կլինի ՀՀԿ-ի ցուցակում
Քաղաքական իրավիճակը կայուն-ակտիվ է, իսկ ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերությունը շարունակվում է: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք ձգտում են ավելի շատ ձայներ ունենալ, քան ունեն այսօր: Բայց քանի որ դեռևս քարոզչության շրջան չէ, «ՀՀԿ-ն լուրջ քարոզչական ձգտումներով առաջ չի շարժվում»:
Այն հարցին, թե ով կարող է լինել հավանական վարչապետ, Գ. Սահակյանը պատասխանեց, որ դրա մասին կարելի է խոսել միայն ընտրություններից հետո: Նա հրաժարվեց անուններ նշել, քանի որ դա կարող է դիտվել որպես ամբողջ կուսակցության տեսակետ, ինչը ճիշտ չի լինի:
«Իսկ վարչապետներ շատ ունենք, անհոգ եղեք: Մեր ամբողջ ժողովուրդն ուզում է վարչապետ լինել, նախագահ լինել, նախարար լինել», - հավելեց Գ. Սահակյանը:
Իսկ արդյոք ինքը կուզեր լինել վարչապետ` հարցին, Գ. Սահակյանը նշեց, որ դա ցանկությամբ չէ, և եթե նման հարց առաջանա, ապա ինքը նախ պետք է հասկանա, թե իր առջև ինչ խնդիր է դրվում և ինչ գործիքներով ինքը պետք է աշխատի:
«Քաղաքական գործիչները շարժվում են ոչ թե ցանկությամբ, այլ տրամաբանությամբ և ժամանակի քաղաքական իրավիճակով», - հավելեց Գ. Սահակյանը:
Վերջինիս խոսքերով՝ այժմ տարածք առ տարածք քննարկվում է, թե որտեղ ՀՀԿ-ն կկարողանա արդյունավետ ընտրություններ անցկացնել: Իսկ իրենք գիտեն ՀՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքը յուրաքանչյուր համայնքում:
«Դուք կարծում եք՝ հանրապետականն այնքան բարեսիրտ մոտեցումներ ունի և որ իր ձայներն էլ իր մոտ է գտնվում և բռերով մեկ այս կողմ, մեկ այն կողմ ձայն տա: Յուրաքանչյուր կուսակցություն ինքը պետք է իր ձայները հավաքի», - հայտարարեց Գ. Սահակյանը: Միաժամանակ, ՀՀԿ-ն շահագրգիռ է, որ կոալիցիան շարունակի գործել:
Անդրադառանալով ԱԺ-ում մինյանց փոխարեն քվեարկելուն՝ Գ. Սահակյանը նշեց, որ դա ոչ թե կեղծ քվեարկություն է, այլ խախտում: Որոշ պատգամավորներ քննադատում են այդ արարքը՝ չմատածելով, որ «Գալուստ Սահակյանը ևս բազմիցս տեսել է այլ պատգամավորների կողմից նման խախտումներ», բայց չի ասել: Նրա խոսքերով՝ բոլոր խմբակցություններում էլ ժամանակ առ ժամանակ լինում են նման դեպքեր:
Այն հարցին, թե արդյոք նա կլինի՞ ՀՀԿ ցուցակում՝ Գ. Սահակյանը պատասխանեց.
«Ես իմ դերակատարումը ցուցակային չեմ համարում: Իհարկե կլինեմ, կարծում եմ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել