HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆեթիե Չեթին. «Եթե քաղաքական ուժը ցանկանա, Հրանտ Դինքի սպանությունը կբացահայտվի»

2007 թվականի ապրիլի վերջից 18 դատապարտյալներով սկսվեց Հրանտ Դինքի դատավարությունը: Մեղադրյալների թիվը հասավ 20-ի: Առայժմ անազատության մեջ գտնվում են միայն հինգը: Նրանցից երեքը սպանության մեղադրանքով են ձերբակալված: Գնդակը արձակելու և սպանությունը կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Օղյուն Սամաստը: Մյուս երկուսը ձերբակալված են սպանությանը մասնակցելու համար:
Երեքն էլ Տրապիզոնի բնակիչներ են:

«Մենք գիտենք, որ այս մարդիկ Ստամբուլին ծանոթ չէին և Դինքին չէին ճանաչում: Ոճրագործը երբեք չէր տեսել Հրանտին, և շենքից դուրս գալով` գնացել և կրակել է ծոծրակից: Սա տրամաբանական պատմություն չէ: Եվ ոճրագործը Հրանտին սպանելուց հետո փախել է: Այդ փողոցները քաղաքը չիմացողի համար հեշտ փողոցներ չեն, խառնիճաղանջ են: Մենք մտածում ենք, որ նա նախօրոք ուսումնասիրել է այս փողոցները կամ նրան օգնել են»,- պատմում է Դինքի դատավարության գլխավոր փաստաբան Ֆեթիե Չեթինը: Փաստաբանը ենթադրում է, որ ոճրագործը նախապես իմանալով է եկել, որովհետև տեղադրված տեսաերիզների ստուգումից պարզել են, որ ինտերնետ-սրճարան է գնացել այն շատ լավ իմացողի նման:

Տարածքի տեսաերիզների ուսումնասիրությունից պարզվել է, որ Օղյուն Սամաստը մենակ չէ իրականացրել ոճիրը: Սակայն կեսօրից առաջ եղած բոլոր տեսաերիզները ոստիկանությունը հավաքել է, եւ դրանք այդպես էլ կորել են գործից: Փաստաբանները ենթադրում են, որ կամ Ստամբուլի ոստիկանությունն է դրանք կորցրել, կամ Անկարա փոխադրելիս են անհետացել:

«Մենք համոզված ենք, որ Դինքի սպանությունը կազմակերպող ուժը բավական կազմակերպված է եղել, մտադրել են սպանել, իրականացրել են, հոգեբանորեն պատրաստել են նաև հասարակությանը: Այդ իսկ պատճառով դատավարության առաջին օրից սկսած չենք գոհացել ձերբակալվածներով, միշտ համոզված ենք եղել, որ հետևում ավելի մեծ կազմակերպություն է կանգնած: Շրջանակը այդպես է գծած, որ սա մեղադրյալն է, սա ոճրագործը, և այս սահմանի մեջ թող այս նյութը փակվի»,-համոզված է փաստաբանը:

Նա չի բացառում նաև Հ. Դինքի և Էրգենեկոնի գործի միջև եղած կապը: Էրգենեկոնի դատավարության շրջանակներում ձերբակալվածների մի մասը Հրանտի ոճրի կազմակերպման մեջ աշխույժ դեր են ունեցել: Նրանք են բողոքի ցույցեր կազմակերպել Հրանտի դեմ, գրություններ գրել հանրային կարծիքը փոխելու համար: Հավանական է նաև, որ գործը միացնեն Էրգենեկոնի գործին, բայց փաստաբանն առավել իրատեսական տարբերակ է համարում այն, որ նույնիսկ Էրգենեկոնին գերազանցող ավելի մեծ կազմակերպություն է կանգնած այս սպանության հետևում:

«Այս կապակցությունները մեզ կառաջնորդեն դեպի պետության խորքերը»,- ասում է Ֆեթիե Չեթինը: Փաստաբանի համոզմամբ` եթե իրենք նոր պահանջներ չներկայացնեն, դատավարությունը կարող է վերջանալ երեք ամբաստանյալներին պատժելով: Հայտնի է արարքը, զենքը, նրանց միջև հարաբերությունները, սպանողը: Իսկ Դինքի փաստաբանները ամեն դատավարության ժամանակ նոր հարցումներ, նոր պահանջներ են ներկայացնում: «Եթե դատավարությունը վերջանա, հանրային կարծիքը արձակված վճռից գոհ չի մնա»,- համոզված է Ֆ. Չեթինը:

Եթե, այնուամենայնիվ, ամբաստանյալներին դտապարտեն` առանց սպանության պատվիրատուներին հայտնաբերելու,  Դինքի ընտանիքի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այն Վճռաբեկ դատարանում, եթե հարկ լինի` նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մոտավորապես երեք տարի է անցել Հրանտի սպանությունից, բայց նրա գործի նկատմամբ ուշադրությունը չի նվազել: Նախորդ դատական նիստի ժամանակ մարդիկ ձեռք-ձեռքի տված փողոցներով քայլել են` ի նշան բողոքի: Հանրային կարծիքը և մամուլը առաջին օրվա հետաքրքրությամբ դեռ հետևում է դատավարությանը: «Հրանտին սպանելով` նրանք կարծեցին, որ հասարակության մեջ սարսափի տրամադրություն պետք է սկսվի, բայց հակառակը տեղի ունեցավ: Երկրի մեջ առաջընթաց է նկատվում ժողովրդավարական գաղափարախոսության շուրջ: Սկսեցին նաև 1915 թվականի մասին խոսել, այդ պատճառով իրենց սպասած արդյունքը չեղավ»,- շարունակում է փաստաբանը:

Այս ընթացքում նվազել են նաև ճնշումները Հ. Դինքի ընտանիքի նկատմամբ: «Ակոս» թերթի խմբագրությունը ևս հաճախակի սպառնալի նամակներ էր ստանում, սակայն խմբագիր Բագրատ Էստուկյանը հավաստեց, որ նմանատիպ նամակներ այլևս չեն ստանում: Իսկ փաստաբանը նկատել է, որ Էրգենեկոնի դատաքննության սկսվելուց ի վեր են այդ սպառնալիքները նվազել:

Հրանտ դինքի գործում հիմնական երկու փաստաբաններ են աշխատում, բայց շուրջ 10 փաստաբաններ աջակցում են: 520 փաստաբաններ Անկարայից, Իզմիրից և այլ տեղերից զորակցում են նրա ընտանիքին:

Դատավարությունը մինչ օրս շարունակվում է առանց լուրջ զարգացումների: Հոկտեմբերի 12-ին 11-րդ նիստն էր: Որպես ոճրագործ ներկայացող Օղյուն Սամաստը չի կարողացել բացահայտել ատրճանակի գործածման ձևը: Ամբաստանյալը նախապես ասել էր, որ առաջ զենք չէր գործածել, սա նոր հարցերի ու ենթադրությունների տեղիք է տալիս: Ուրեմն ուրիշ մեկն էլ կա: Նախորդ օրվա նիստին իրավապահ մարմիններից ստացած տեղեկություններից բացահայտվել է, որ սպանությունն իրականացնողին Տրապիզոնից գալիս այստեղ դիմավորել են: Ոստիկանությունը տեղյակ է եղել այս փաստին, նրանք արդեն հետապնդել են Օղյուն Սամաստին: Դատարանը նաև բավարարել է պաշտպանների բոլոր պահանջները: Դատարանը անվտանգության համապատասխան մարմիններին ուղղված գրություններ է ուղարկել, կարևոր տեղեկություններ են ակնկալում: Սակայն փաստաբանը վստահ չէ, որ այդ տեղեկություններն իրենց կտրամադրեն:

Հաջորդ դատավարությունը նշանակված է արդեն մյուս տարի` փետրվարի 8-ին: Թուրքիայի դատարանները ծանրաբեռնված են, իսկ դատավարությունների թղթաբանական գործողությունները բարդ են կատարվում: «Անշուշտ, սա քաղաքական ոճիր էր, և եթե քաղաքական ուժը ցանկանա, այս ոճիրը կբացահայտվի: Մենք գիտենք մեր առջև եղած ուժին, բայց մենք շարունակելու ենք պայքարել»,- ամփոփեց Ֆեթիե Չեթինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter