Հայ-թուրքական արձանագրությունների չգրված նախապայմանը Ղարաբաղյան հարցի կարգավորումն է
Հարևան երկրում ճշտած խորագիրը
Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսություն հաստատելու նպատակով հայաստանյան 9 լրատվամիջոցների ներկայացուցիչներ մեկշաբաթյա այցով գտնվում էին Թուրքիայում: «Խորագիրը ճշտենք հարևան երկրում» ծրագիրը մեկնարկել էր «Միջազգային Հրանդ Տինք» հիմնադրամի աջակցությամբ: Առանցքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման երկու արձանագրություններն էին:
Նախատեսված հանդիպումներն ինչպես հայկական համայնքի, այնպես էլ թուրք քաղաքական գործիչների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ առաջին իսկ օրվանից ուրվագծեցին մեր այցի խորագիրը:
Առաջին և կարծես թե նախապատրաստական հանդիպումը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը, խոսելով ողջ պոլսահայության անունից, նշեց, որ իրենք դրական են գնահատում այս արձանագրությունները, իսկ սահմանի բացմանը երկար են սպասել:
«Պոլսահայությունը միշտ էլ կողմ է եղել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց Բագրատ Էստուկյանը:
«Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի կարծիքով` Ղարաբաղյան հարցի շուրջ թուրքական ընկալումը, այդուհանդերձ, շոշափում է Ղարաբաղի հարցի կարգավորման մասը:
«Լավատեսություն կլիներ Ղարաբաղյան հարցի շուրջ առանց նախապայմանների հարցը դիտարկելը: Թուրքիան առանց Ղարաբաղի հարցի շուրջ լուծման ակնկալիքի առաջ չէր շարժվի»,- համոզված է Արա Գոչունյանը:
«Հյուրիեթ»-ի խմբագրություն այցելելիս պատահաբար հանդիպեցինք նաև Սևծովյան տնտեսական համաժողովի գործարար կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ֆրանսաբնակ Սամսոն Օզարարատին: Նա 1993 թ.-ին ներկա է եղել և, ինչպես մամուլն է գրում, կազմակերպել է Փարիզի «Grillon» հյուրանոցում Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլերի») առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները և Ղարաբաղի հարցը:
Արձանագրություններում երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելը կարևոր քայլ համարելով` անկախ նրանից, թե այդ հարաբերություններն ինչպիսին են, Ս. Օզարարատը նշեց, որ ամենակարևորը երկու երկրների միջև վստահություն ստեղծելն է:
Սամսոն Օզարարատի դիտարկմամբ` Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը չպետք է խառնել Ղարաբաղյան հիմնախնդրի և Ցեղասպանության հետ. «Բայց ես վստահ չեմ, որ հայկական կողմի դիրքորոշումը Թուրքիայում ճիշտ է ընկալվում»,- ասաց ծագումով պոլսեցի Սամսոն Օզարարատը:
Կարծիքներ թուրք պաշտոնյաներից և ԶԼՄ ներկայացուցիչներից
Խորագիրը ճշտելու և պաշտոնական դիրքորոշումը հստակեցնելու ակնկալիքով հանդիպեցինք նաև թուրք քաղաքական գործիչների հետ:
Անկարայում թուրքական Մեջլիսի մամուլի պատասխանատու Գյոգսել Բոգյուտը, ի պատասխան մեր հարցին, թե երբ թուրքական խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, հստակ պատասխան չտվեց` թողնելով դա քվեարկության արդյունքներին, բայց հաջորդող պատասխանը ավելի քան պարզ էր. «Երբ Ղարաբաղի հարցը լուծվի, այդ օրն էլ կվավերացվեն արձանագրությունները»:
Խորհրդարանական հանդիպումը շարունակվեց Մեջլիսի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ: Այստեղ էլ երկու երկրների լրագրողները լարված «լեզվակռվի» միջոցով փորձեցին հակադրել պաշտոնական և անձնական տեսակետները:
«TRT»-ի լրագրող Սյուրեա Սըթը, ով երկար տարիներ է աշխատում խորհրդարանում, ներկայացրեց թուրքական կուսակցությունների տեսակետը. «Նրանք ասում են, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, իրենք չեն կարողանա վավերացնել արձանագրությունները: Որքան շուտ բարելավվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այնքան շուտ կվավերացվեն արձանագրությունները»:
Հայ լրագրողների հակադարձ հարցին, թե որքանով կարող են երկու երկրների հարաբերությունները պայմանավորված լինել երրորդ պետությամբ, մեկ այլ թուրք լրագրող պատասխանեց. «Այնքանով, որքանով որ Արդբեջանն իրենց բարեկամ երկիրն է»:
«Եթե Ադրբեջանը երրորդ երկիր է Հայաստան-Թուրքիա հարաբերոթյուններում, ուրեմն ինչու ժամանակին, երբ սահմանը փակվեց, այդ երկրի հետ էր կապված, հիմա էլ սահմանի բացումը չի կարող Ադրբեջանի հետ կապ չունենալ»,- հարցով պատասխանեց լրագրողը:
Պաշտոնական և իշխանական դիրքորոշումը առավել քան ակնհայտ արտահայտեց Եվրամիության հետ կապերի նախարար Էգեմոն Բաղըշը մեր հետ հանդիպման ժամանակ:
Է. Բաղըշը խոստովանեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Թուրքիա-ԵՄ հարաբերություններում կենտրոնական տեղ չեն զբաղեցնում:
Թուրքիան չի կարգավորում Հայաստանի հետ հարաբերությունները ԵՄ-ի անդամակցության համար կամ որ դա ԵՄ-ի պահանջն է: «Մենք բարելավում ենք մեր հարաբերությունները բոլորի հետ, այլ ոչ միայն Հայաստանի: Հայաստանը չպետք է լինի բացառություն: Հայ-թուրքական արձանագրությունները ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություն են, այլ արձանագրություն է ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար»,-ասաց նա:
Իսկ սահմանի բացումը անքակտելի համարեց Ղարաբաղյան խնդրի լուծման օրակարգային հարցից: «Ադրբեջանը մեր բարեկամ երկիրն է, և միլիոնավոր ադրբեջանցիներ մնացել են անտուն, քանի որ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը Հայաստանը օկուպացրել է, և Ղարաբաղի հարցը Անդրկովկասի կայունության համար կարևորագույն խնդիրներից է»,- ասաց Էգեմոն Բաղըշը:
Նա նաև նշեց, որ Մինսկի խումբը պետք է աջակցի այս հարցի լուծմանը: Իսկ արձանագրությունների ստորագրումը հնարավորություն է, Մինսկի խմբի հետ համատեղ, լուծել այս խնդիրը:
Է. Բաղըշի խոսքերով` արձանագրությունների ստորագրումը հնարավորություն է տալիս թե Ադրբեջանին , թե Հայաստանին հնարավոր լուծում գտնել, այն լուծումը, որը ընդունելի կլինի ինչպես երկու երկրների նախագահների համար, այնպես էլ հավանության կարժանանա երկու հասարակություններում:
Արձանագրությունների վավերացման ժամկետն էլ Էգեմոն Բաղըշը կապեց Ղարաբաղյան հարցի և «օկուպացված տարածքների» շուրջ առաջ ընթացող գործընթացների հետ:
«Դա մի երևույթ է, որը մենք չենք կարող վերահսկել, այլ կախված է երկու երկրներից»,- ամփոփեց մեր հետ հանդիպումը Էգեմոն Բաղըշը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակվեցին Ստամբուլում: Հասարակության կարծիք ձևավորողների ներկայացուցիչների դիտարկումները քիչ էին տարբերվում պաշտոնական ու իշխանական տեսակետներից:
«Հյուրիեթի» լուրերի համակարգող Ջան Օսքանըփորձեց օբյեկտիվորեն վերլուծել հակասությունները. «Երբ խոսում եք ձեր քաղաքական գործիչների հետ, նրանք ասում են, որ այս արձանագրությունները կապ չունեն Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, իսկ երբ խոսում ենք թուրք գործիչների հետ, նրանք ասում են, որ, այո, չկան գրված նախապայմաններ` կապված Ղարաբաղյան հարցի հետ, բայց նույնիսկ Թուրքիայի վարչապետը վերջերս նշեց, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթաց չլինի, մենք չենք կարող բացել սահմանները»:
Այդուհանդերձ, Ջան Օսքանը հավատում է, որ երկու երկրների նախագահները խոսել են այս հարցի շուրջ և որոշակի բանավոր համաձայնության եկել. «Շատ հավանական է, որ մոտ ապագայում, որպես առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում` մեկ կամ երկու ռեգիոնների շուրջ համաձայնություն լինի»,- ասաց նա:
«Հյուրիեթի» ներկայացուցչի կանխատեսմամբ` երկու կամ երեք ամսից արձանագրությունները կվավերացվեն, առավել ևս, եթե հայկական կառավարությունը դրական քայլեր ձեռնարկի Ղարաբաղյան հարցի շուրջ, Թուրքիայի համար շատ ավելի դյուրին կլինի վավերացնել արձանագրությունները և բացել սահմանը:
Այստեղ էլ Ջան Օսքանը հիշեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը փակվեց Ղարաբաղի հարցի համար և մինչ օրս սահմանի փակ լինելը դրա հետ էր կապված:
«Հիմա եթե առանց այս հարցը լուծելու սահմանը բացվի, թուրք ժողովրդի համար անհասկանալի կլինի: Այս ժամանակ է, որ կարող է Մինսկի խումբը միջամտի, և հարցը լուծում ստանա»,- հավելեց նա:
«Ռադիկալ» թերթի խմբագիրներից Իսմեթ Բերքանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ավելի դժվար կվավերացնի արձանագրությունները, քան Թուրքիան` կրկին կապելով Ադրբեջանի և Հայաստանի համաձայնության գալու պայմանի հետ: Նա էլ է վստահ, որ չնայած այդ հարցի շուրջ ամրագրված կետ չկա արձանագրություներում, բայց երկու երկրների նախագահների մակարդակով կա բանավոր համաձայնություն:
«Զաման» թերթի լրագրող Յոնջա Փոյրազ Դողան հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների դրական քայլերը կազդեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:
«Միգուցե փոխվի ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում: Նրանք պետք է գտնեն լուծում Ղարաբաղի հարցում, որոշ տարածքներ վերադարձնեն Ադրբեջանին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց լրագրողը:
«Թարաֆ» թերթի լրագրող Թուբա Թեքերեքը «Հետքի» հետ զրույցում քաղաքական տեսակետը ներկայացրեց իր լրագրողական դիտարկմամբ: Ըստ Թուբայի` Թուրքիան վարում է «ոչ մի խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը: Թուրքիան լուծում է իր խնդիրները քրդերի հետ, Սիրիայի հետ և ուզում է աաջատար դիրք զբաղեցնել տարածաշրջանում:
«Ղարաբաղի հարցը արձանագրություններում նշված չէ, սա է Թուրքիայի համար միակ թերությունը: Թուրքիան խոստացել է Ադրբեջանին, որ կբացի սահմանը այն ժամանակ, երբ լուծվի Ղարաբաղի հարցը: Երբ արձանագրությունները ստորագրվում էին, Ադրբեջանի կառավարությունը քննադատեց Թուրքիային, որ ստորագրում է առանց Ղարաբաղի հարցը լուծելու»,- ասաց Թուբա Թեքերեքը:
«Չգիտենք, թե ինչ է լինելու, քանի որ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ ժխտում է: Չգիտենք, թե ինչ են մտադիր անել: Բայց Թուրքիայում ամեն ինչ հստակ է. ասում են, որ մեր նախապայմանը Ղարաբաղն է: Բայց Հայաստանը ժխտում է իր հասարակությանն ամենը, ինչ որ անում է»,- ասում է «Հյուրիեթ»-ի հայ լրագրող Վիրջիհան Զիֆլիօղլուն:
Մեր հանդիպումներում, բնականաբար, շոշափվեց նաև Ցեղասպանության հարցը: «Ինչպես Հայաստանում են սովորեցնում, թե որքան հայ են սպանել թուրքերը, այնպես էլ Թուրքիայում են սովորեցնում, որ հայերը սպանել են թուրքերին: Երբ ձեր կողմին են լսում, ասում են` ճիշտ եք: Բայց երկու կողմին էլ պետք է լսել»,- Անկարայում մեր հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի փոխնախարարԻսմեթ Յիլմազը:
«Զամանի» լրագրող Յոնջա Փոյրազ Դողան խոստովանում է, որ տևական ժամանակ ինքն անտեսել է Ցեղասպանության հարցը:
«Ես սկսեցի ինձ կրթել, և դեռևս ինձ ուսուցանում եմ: Եվ երբ ես առաջին անգամ լրջորեն մտածել եմ դրա մասին, ես համոզված չէի, որ դա տեղի է ունեցել: Ես լսել եմ, որ այդ ժամանակ հայերը սպանել են բազմաթիվ թուրքերի, բայց լսել եմ նաև, որ հայեր են սպանվել: Բայց ես համոզված չէի, որ դա Ցեղասպանություն էր: Ես փորձեցի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Ես հիմա ավելի շատ ներողություն խնդրող մտավորականների քարոզարշավի կողմնակիցն եմ»,- ասում է Յոնջան:
Մինչդեռ խորհրդարանական լրագրողները, ինչպես նաև ԶԼՄ մյուս ներկայացուցիչները միանման կարծիքներ արտահայտեցին. չժխտեցին, որ 1915 թվականին եղել են դեպքեր, սակայն թե ինչպես անվանել դրանք` հարցը թողեցին համատեղ հանձնաժողովի վերջնական որոշմանը:
Հ. Գ. Թուրքիայում «Ցեղասպանություն» բառը նույնիսկ հայկական թերթերը չեն կիրառում, այլ գրում են «1915 թվականի դեպքեր»: Միայն «Ակոս» թերթը 2007 թվականից ի վեր սկսել է գործածել այն` չնայած բոլոր ճնշումներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել