
Նիկոլ Փաշինյանը` Մելինե Դալուզյանի (Մել) մասին. «Թույլ չեմ տա, որ Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ ծանրորդ Մելինե Դալուզյանին (Մել) նվիրված «Մել» ֆիլմին, որի ֆինանսավորման հարցում մասնաբաժին ունի նաև Կառավարությունը: Վարչապետն ասաց, որ ֆիլմի ֆինանսավորման փուլից տեղյակ չի եղել, սակայն հպարտ է, որ մշակույթի նախարարությունը նման որոշում է կայացրել: Փաշինյանն ասաց, որ եթե ինքն այդ հարցում որոշում կայացնելիս լիներ, ապա կառաջնորդվեր հետևյալ տրամաբանությամբ, թե ֆիլմն ում մասին է նկարահանվելու:
«Մի մարդու մասին, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է և ռեկորդակիր, և որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացվել է, հիմնը` հնչել: Մարդը ունեցել է պրոբլեմ, որը ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, ունի կոնկրետ բժշկական պարամետրեր, և այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Մարդը, որի պատվին երեք անգամ դրոշը բարձրացվել է, և հիմնը հնչել է, էդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին, երբ պրոբլեմի մասին սկսել են իմանալ հանրության արձագանքի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Հետո հասկացել է, որ միակ ճանապարհը Հայաստանից հեռանալն է, սակայն ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի վիրահատական ճանապարհով, չնայած մարդիկ ասում են` եթե Աստված իրենց այդպես է ստեղծել, բայց, կներեք, էրեխեք կան սրտի արատով են ծնվում, եկեք թողնենք ոնց կա, նենց մնա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` եթե ինքը լիներ ուղղակի ՀՀ քաղաքացի և իմանար, որ կառավարությունը մերժել է չեմպիոնի մասին ֆիլմի նկարահանմանն աջակցել, կմտածեր, որ Հայաստանի կառավարությունը երախտամոռ է:
«Որովհետև էս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ, այսինքն՝ եթե մարդը վաստակով համապատասխանում է մեր պատկերացումներին, մենք իր հետ պրոբլեմ չունենք, բայց երբ խնդիր ունի, տառապանք ունի, խաչ ենք քաշում իր վրա: Երբ չեմպիոն է կնկարվենք, երբ պրոբլեմ ունի, քեզ հետ գործ չունենք: Հայաստանի մասին իմ պատկերացումն էդպիսին չէ»,- ասաց նա:
Փաշինյանը կրկնեց` ֆինանսավորման մասին տեղյակ չի եղել, սակայն գոհ է, որ ֆինանսավորում եղել է:
«Որովհետև չֆինանսավորելը խարան է ՀՀ կառավարության ճակատին, գոհ եմ, որ այդ ֆիլմը ֆինանսավորվել է: Ես սա համարում եմ լափամանից զրկվածների պրոպագանդա, որոնք ուզում են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործեն, որ լափամանին մոտ գան: Երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները չարիք են, և նրանց թույլ չեմ տա դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ: Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է, ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ ոտքերի տակ են գցում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` ստացվում է՝ Դալուզյանը Հայաստանից հեռացել է, սակայն կրկին հետապնդումների է ենթարկվում, քանի որ «քոռ դանակով մորթում են» և քննադատում:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշում է, որ Մելինե Դալուզյանը (Մել) Եվրոպայի եռակի չեմպիոն է, սակայն իրականում հայ ծանրորդը երկու անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն` 2007 և 2008 թվականներին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել