Եվրախորհրդարանի անդամները այցելել են Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 22-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը նշեց, որ եվրոպական ինտեգրման խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և գնահատելի է դրան ուղղված ցանկացած քայլ: ԱԺ նախագահը կարևորեց ամենաբարձր մակարդակով միջխորհրդարանական փոխադարձ շփումներն ու այցելությունները, ինչպես նաև քաղաքական ուժերի ինտեգրումը եվրոպական քաղաքական ընտանիք: Գործակցության լավ օրինակներից է նաև փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի ունենալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ է անցկացվում արտագնա: Պարոն Նիկոյանն ընդգծեց Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ակտիվ և կառուցողական գործունեությունը, այն գնահատելով որպես եվրաինտեգրման կարևոր գործիքներից մեկը: Նա միաժամանակ նշեց, որ ցանկալի չէ, որ այդ կառույցը օգտագործվի որպես տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցերի քննարկման հարթակ: ԱԺ նախագահի խոսքով` առկա են բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, և հայկական կողմը պատրաստակամ է բաց քննարկումների ու համագործակցության հետագա խորացման:
Անդրեյ Կովաչևը, երախտագիտություն հայտնելով ընդունելության և աշխույժ համագործակցության համար, գոհունակությամբ նշեց, որ այժմ ընթանում են Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որտեղ արձանագրվել է մեծ առաջընթաց. արդեն քննարկվել և ժամանակավոր փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ: Ըստ նրա, շուտով կսկսվեն նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի հիմնման ու վիզայի դյուրացման և ռեադմիսիոն համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունները: Դրանք գործիքներ են, որոնք կսերտացնեն համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Նրա խոսքով, ԵՄ-ն և Եվրոպական խորհրդարանը պատրաստակամ են նաև օգնելու Հայաստանի իրենց գործընկերներին տարածաշրջանային խնդիրներում` կարևորելով փոխադարձ վստահություն ձևավորող միջոցառումների իրականացումը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Անդրեյ Կովաչևը նշեց, որ իրենք ակնկալում են ժողովրդավարական, ազատ և անկախ ընտրությունների անցկացում: Նա տեղեկացրեց, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա ընտրություններին:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած մակարդակի համագործակցության, միաժամանակ անընդունելի համարելով երկակի ստանդարտների կիրառումը: ԱԺ նախագահն ընդգծեց առաջիկա ընտրությունները օրենքին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների վճռականությունը, ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:
ԱԺ նախագահը պատասխանեց նաև բարձրացված հարցերին: Հանդիպման ժամանակ իրենց տեսակետներն ու մոտեցումերը ներկայացրեցին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության, ինչպես նաև ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
ՀՀ ԱԺ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել