
Դավիթ Սանասարյանի վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են այլ քրեական գործի շրջանակում) վերաբերյալ հաղորդման հիման վրա ոստիկանությունում քիչ առաջ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով` ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Այս մասին, «Հետք»-ի հարցին ի պատասխան, ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին 9-ամյա Ա. Ղևոնդյանը տեղափոխվել է «Արմենա» բժշկական կենտրոն: Երեխայի մոր պնդմամբ՝ նա մարմնական վնասվածքներ է ստացել Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի բակում տեղի ունեցած վթարի հետևանքով, մեքենայի ղեկին եղել է Դավիթ Սանասարյանը: Ըստ հրապարակումների՝ Դավիթ Սանասարյանն այցելել է բժշկական կենտրոն և պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը: Սանասարյանը տեղի ունեցածը համարել է «հերթական շառը», պնդել է, որ երեխայի մայրն իրենից գումար է պահանջել, հայտարարել է, որ շորթման վերաբերյալ հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն:
Ըստ Սանասարյանի՝ երեխան քարի վրայից ցատկել ու դիպել է իր մեքենային, ապա ընկել գետնին, և նա հետագայում երեխայի առողջությամբ հետաքրքրվել է մարդասիրությունից դրդված:
Շորթման վերաբերյալ հադորդում ներկայացնելու գործով «Հետքը» կապ հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ, վերջինս հաստատեց, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի ՝ շորթում, 1-ին մասի հատկանիշներով։ Նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դ. Ս-ից պահանջել է գումար՝ սպառնալով, որ այն չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհրապարակի։ Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։
Մեկնաբանել