
«Բանգլադեշցի Վիրաբիկ» մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանի գործն ուղարկվել է դատարան
Քրեական աշխարհում «Բանգլադեշցի Վիրաբիկ» մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանի գործը` կապված թմրանյութ ապօրինի ձեռք բերելու հետ, ուղարկվել է դատարան: Ըստ մեղադրանքի` Վիրաբ Պարունակի Գասպարյանը, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց պատրաստելու, փոխադրելու և պահելու թույլտվություն, գործով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել, իր մոտ պահել և փոխադրել է ընդանուր զգալի չափի` 1.88 գրամ հաստատուն քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վիրաբ Գասպարյանը բերման էր ենթարկվել օգոստոսի 15-ին` թմրամիջոց պահելու կասկածանքով: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության` Գասպարյանը նախկինում դատվածություն ունի Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն` «թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը»:
Նշենք, որ Վիրաբ Գասպարյանի անունը վերջին շրջանում շոշոփվել է «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով: Ըստ քրեական գործի նյութերի՝ Գասպարյանը եղել է դեպքի վայրում, սակայն «Նորատուցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը մեկ այլ քրեական հեղինակության՝ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոսյանի միջոցով նրան հեռացրել է դեպքի վայրից: Վիրաբ Գասպարյանը գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած սպանության գործով վկայի կարգավիճակ ուներ, սակայն նիստերին չէր ներկայանում: Դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, սակայն այդպես էլ չհաջողվեց նիստին ապահովել նրա ներկայությունը։
Մեկնաբանել