
Վահե Էնֆիաջյանը պատրաստակամություն է հայտնում հանդիպել Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստներին
Մի քանի օր է` մի խումբ երիտասարդներ, բնապահպան-ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետի որոշման դեմ, ըստ որի` Մաշտոցի այգում են տեղադրվում Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները՝ ի հաշիվ կանաչ տարածքների եւ ծառերի: Այսօր նրանց են միացել նաեւ դերասաններ, հեռուստամեկնաբաններ եւ այլք:
ԲՀԿ երիտասարդների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Հետքին» ասաց, թե կարեւոր է, որ երկրում հասարակական նախաձեռնություններն ակտիվացել են, սակայն «հեչ պարտադիր չի», որ քաղաքական կառույցները կամ պատգամավորներն անպայման կարծիք հայտնեն այդ խնդիրների վերաբերյալ:
«Քանի որ նախորդ շաբաթ ընտրվեցի գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ես պատրաստակամություն եմ հայտնում եւ եթե ակցիայի մասնակիցներն էլ ցանկանան, կարող ենք հանդիպել եւ ավելի մանրամասն խնդիրը քննարկել, եւ ես էլ իմ լիազորությունների սահմաններում փորձեմ իրենց օգտակար լինել»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչու ակտիվիստների շարքերում չկան նաեւ ԲՀԿ երիտասարդական թեւի կամ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ, պատգամավորը պատասխանեց, թե քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները, օրինակ՝ Թռչկանի ջրվեժի, Թեղուտի պահպանության նախաձեռնությունները, կուսակցական նախաձեռնություններ չեն եւ չպետք է քաղաքականացվեն:
«ԲՀԿ երիտասարդներն ազատ են նմանատիպ հարցերում իրենց դիրքորոշումը հայտնելու: Ես չեմ էլ բացառում, որ այնտեղ շատ ԲՀԿ անդամ երիտասարդներ լինեն քանի որ իրենք համակարծիք են նախաձեռնողների հետ: ԲՀԿ երիտասարդներն ազատ են իրենց դիրքորոշման հարցում»,-ավելացրեց Վահե Էնֆիաջյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել