HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղական գրադարանները մոռացված հաստատություններ են

Հողի սեփականաշնորհման պես գրադարանների ապակենտրոնացումն էլ իրականացվեց վաղօրոք եւ գրադարանային գործը կարգավորող իրավական ակտերի բացակայության պայմաններում: Համայնքային, մասնավորապես գյուղական համայնքների, գրադարանները միանգամից հայտնվեցին անօգնական վիճակում: Գրադարանների կենտրոնացված համակարգը՝ ԳԿՀ-ն, դադարեց գործել, դադարեցին գործել նաեւ միջգրադարանային կապերը: Այս պարագայում անհնար դարձավ գրադարանային գործունեության վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների հավաքումը: Շեշտակի կրճատվեց գրադարանային հավաքածուների քանակը, իսկ գրադարանների պահպանման, հավաքածուների համալրման հարցերը պարզապես մնացին առկախ:

Քաղաքային բնակավայրերի գրադարաններն ավելի պակաս տուժեցին կատարված փոփոխություններից, իսկ գյուղական գրադարանները սկսեցին գոյատեւել տեղական իշխանությունների կիսատ-պռատ ուշադրության ներքո:

Համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների թվում է նաեւ համայնքային ենթակայության գրադարանների գործունեության, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքների իրականացումը: Սակայն, ինչպես համայնքային բազում ոլորտներում, այստեղ նույնպես տեղական բյուջեն սուղ է, ուստի գյուղական համայնքներում որեւէ հարց չի լուծվում հօգուտ գրադարանների գործունեության: Ոչ շահութաբեր այս ոլորտն այն պարագայում է արժանանում որոշ համայնքապետերի ուշադրությանը, երբ գրադարանային շինությունն օտարելու հարց է առաջանում:

Եթե քաղաքային համայնքներում տեղական բյուջեի միջոցները գոնե բավարարում են համայնքային գրադարանների աշխատավարձի հատկացումներն իրականացնելու համար, ապա գյուղական համայնքներում աշխատավարձերի պարտքերը տարիների վաղեմություն ունեն: Հետեւապես, գրադարանների շենքերի ու շինությունների, գրքային հավաքածուների ֆիզիկական պահպանվածության, ընթերցողների թվաքանակի, գրադարանների սպասարկման աշխատանքների վիճակն օրեցօր վատանում է: 1990-ական թվականներից գյուղական գրադարանները չեն ջեռուցվում: Իսկ հակահրդեհային միջոցառումների եւ համապատասխան անվտանգության կանոնակարգի հաստատման եւ գործարկման մասին խոսելն ուղղակի անհարկի շքեղություն է:

Իրենց կայուն աշխատակարգն ու տարիներով ձեւավորված աշխատաոճն ունեն մարզային գրադարանները: Նրանք նաեւ ուշադրության կենտրոնում են, ունեն զարգացման հնարավորություններ: Այս գրադարանները ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ենթակայության կազմակերպություններ են: Նույն ենթակայությունն ունեն նաեւ Հայաստանի ազգային, Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական եւ Հանրապետական երաժշտական գրադարանները: Պետական բյուջեից ստացվող սուբսիդիաներից բացի, այս գրադարանները 2002թ. 127 մլն դրամ գումարի չափով լրացուցիչ արտաբյուջետային մուտքեր ձեւավորելու հնարավորություններ են ունեցել, որի գերակշռող մասը դրամաշնորհային ծրագրերն են: Դրանք եղել են գրադարանային հավաքածուների համալրման հիմնական աղբյուրը եւ գրադարանների տեղեկատվական համակարգերի կատարելագործման, թերեւս, միակ ուղին:

Հայաստանյան ամենակայուն եւ հիմնական շնորհատուն Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղն է: Քիչ դոնորներ են հետաքրքրված այս ոլորտի զարգացման հարցերով: Իսկ գյուղական գրադարանների խնդիրներով հետաքրքրված չեն անգամ այն դոնոր կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են աղքատության կրճատման եւ խոցելի համայնքների զարգացման հարցերով: Սակայն, որքան էլ նվիրատվությունը եւ աջակցությունը մեծ լինի, այն չի կարող մշտապես եւ ամենուր նպաստել գրադարանային խնդիրների եւ նպատակների լուծմանը: Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ գրադարանները պարզապես բարձիթողի վիճակում են:

Անկում են ապրում նաեւ համայնքային մանկական գրադարանները, կրճատվել է դրանց թիվը: 1990թ.-ին ՀՀ-ում գործել է 99 մանկական գրադարան, իսկ 2000թ.-ին՝ 53 գրադարան: Գրադարանային ֆոնդը միայն այս հատվածում պակասել է 2 մլն կտոր գրքով: Գյուղական համայնքներում 1990թ.-ին եղել է 955 գրադարան, 2000թ.-ին՝ 833: Գրադարանները չունեն նոր գրականության ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ:

Այսօր շատերի համար անմատչելի է դարձել գրախանութներում վաճառվող գրականության ձեռքբերումը: Իսկ գյուղաբնակների համար գիրք ու գրականություն գնելն այլեւս անհնարին է: Անգամ քաղաքային վայրերում գրախանութային հատված ունեցող՝ հիմնականում գրենական պիտույքների խանութներում շատ քիչ քանակությամբ գրականություն է վաճառվում՝ մայրաքաղաքի համեմատությամբ բարձր գներով: Ուստի թե՛ երեխաների, թե՛ երիտասարդության համար ինքնակրթությամբ անվճար զբաղվելու միակ հույսը գրադարաններն են՝ իրենց համեստ ու հնաբույր հնարավորություններով:

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքային գրադարանների գրքային ֆոնդը առաջնահերթորեն համալրման կարիք ունի: Հատկապես գյուղական գրադարաններում: Իսկ փախստականներով բնակեցված նախկին ադրբեջանաբնակ գյուղերի գրադարանային հավաքածուները հայերեն գրականությամբ թարմացման կարիք են ունեն: Ըստ Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի (հաստատված ՀՀ կառավարության 31.03.2005 թ. թիվ 404-Ն որոշմամբ)՝ միայն մարզի դպրոցների գրադարաններում հաշվառված գրքերի 20 %-ը օգտագործելի չէ, քանի որ այդ գրքերը չեն բավարարում ներկայիս ուսուցողական ծրագրերի պահանջներին: Նման հաշվարկ չկա մարզում գործող մյուս գրադարանների գրքային հավաքածուների վերաբերյալ: Սակայն այստեղ անօգտագործելի գրքերն անհամեմատ մեծ մաս կկազմեն, քանի որ գրադարանները լի են խորհրդային շրջանի կուսակցական բնույթի երկլեզու գրականությամբ: Այս գրականությունը նույնպես վերահաշվառման կարիք ունի, քանի որ չի բացառվում նրանում պատմական արժեք ունեցող գրքերի առկայությունը: Իսկ փախստականներով բնակեցված գյուղական համայնքների գրադարաններում կուսակցական բնույթի գրականության հետ մեկտեղ կա նաեւ ադրբեջաներեն գրականություն, որը նույնպես անօգտագործելի է:

Վարդենիսի վարչատարածքի Գեղամաբակ գյուղի գրադարանն ունի 1050 կտոր գիրք, որից 750-ը ռուսերեն գրականություն է (հիմնականում խորհրդային շրջանի կուսակցական բնույթի): 300 կտոր հայերեն գրականությունն էլ շատ հին է եւ թարմացնելու կարիք կա: Նույն վարչատարածքի Գեղամասար գյուղը , որի բնակչությունը 10 անգամ ավելի է Գեղամաբակի բնակիչներից, ունի շենքային ավելի բարվոք պայմաններով գրադարան համայնքապետարանի շենքում: Գրադարանն աշխատում է նորմալ աշխատանքային ռեժիմով, ունի 4115 կտոր գրականություն, մեծամասամբ ռուսերեն, ուստի կրկին գրադարանային ֆոնդը հայերեն գրականությամբ համալրման կարիք ունի: Նորմալ աշխատանքային ռեժիմով է գործում նաեւ Վարդենիսի վարչատարածքի Ծափաթաղ գյուղի գրադարանը, որը հատկապես ամառային արձակուրդների շրջանում ավելի շատ ընթերցողներ է ունենում: Ունի սակավաքանակ 1104 կտոր գրականություն, մեծամասամբ ռուսերեն, ուստի գրադարանային ֆոնդը կրկին թարմացման եւ համալրման կարիք ունի: Սահմանամերձ Կուտական եւ Տրետուք գյուղերի գրադարանները չեն գործում, քանի որ ադրբեջանցիների բնակության տարիներին այս գյուղերի գրադարաններում հայերեն գրականություն չի եղել: Իսկ առկա ռուսերեն գրականությունը շատ հին է:

«Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» մշակութային հայեցակետի շրջանակներում աղքատության հաղթահարման ուղղություններում 2004-2005թթ. նախատեսել է. «Աղքատների ինքնամեկուսացման կանխման, համայնքային կյանքին նրանց մասնակցության բարձրացման, ընդհանուր եւ մշակութային տեղեկատվության մատչելի դարձնելու առումով կարեւորվում է համայնքային մշակութային օջախների ստեղծումը (վերականգնումը)՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ փախստականական եւ փախստականներով ու տեղաբնակներով բնակեցված համայնքներին: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն մշակույթի տների եւ գրադարանների վերանորոգման ու կահավորման, ինչպես նաեւ տեղեկատվական ծառայությունների ստեղծման ուղղությամբ »:

Սակայն, Հայաստանի ամենակարիքավոր եւ հանրապետությունում փախստականների ամենամեծ թվաքանակն ունեցող մարզում՝ Գեղարքունիքում, այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Եվ ակամա հարց է ծագում՝ ու՞մ եւ ինչի՞ համար են գրվում այն ծրագրերը, որոնք այդպես էլ չպետք է իրականացվեն:

Կան նաեւ այնպիսի գյուղական համայնքներ, որոնց գրադարանները չունեն շենքային պայմաններ: Վարդենիսի վարչատարածքի Կախակն եւ Շատվան գյուղերի գրադարանների՝ շենք չունենալու պատճառով գրքերը պահվում են գրադարանավարների տներում: Դա ոչ միայն խոչընդոտում է գրադարանների բնականոն աշխատանքին, այլեւ վտանգում է հավաքածուների պահպանության հարցը: Շենքի բացակայության պատճառով նույն վարչատարածքի Սոթքի գյուղի գրադարանի գրքային ֆոնդը տեղափոխվել է համայնքի դպրոցի գրադարան: Այդպես են վարվել նաեւ Ճամբարակի վարչատարածքի Կալավան գյուղում , որպեսզի փրկեն այն փոքր գրականությունը, որը կարող է ծառայել հեռավոր, ճանապարհից եւ հեռախոսակապից զրկված, անտառի գրկում գտնվող այս համայնքի բնակիչներին:

Գյուղական գրադարանային շենքերն ու շինություններն առանց բացառության վերանորոգման կարիք ունեն, քանի որ հիմնականում տեղակայված են համայնքների՝ վերանորոգման կաիրք ունեցող գյուղապետարանների շենքերում: Անբարեկարգ եւ անհրապույր ֆիզիկական վիճակում են գտնվում Վարդենիսի վարչատարածքի Ազատ, Կութ, Վանեւան, Փամբակ գյուղերի համայնքապետարանները, ուստի գրադարաններն էլ համարժեք դրության մեջ են: Վանեւանի գրադարանը պարզապես անփութության գլուխգործոց է: Գրադարանի յուրաքանչյուր այցելու (եւ ոչ թե ընթերցող, քանի որ այդպիսի գրադարանը չի կարող ընթերցող ունենալ) չի կարող առանց զարմանքի ու զայրույթի տեսնել հատակով մեկ թափթփված գրքերը, որոնք լուռ վկայում են գրադարանի անաշխատունակ վիճակի եւ Վանեւանի տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության ցածր մակարդակի մասին:

Գրեթե նույն տխուր վիճակում է Վարդենիսի վարչատարածքի Ազատ գյուղի համայնքապետարանը: Այն բաց գտնելը գրեթե անհնար է, քանի որ այնտեղ աշխատելը նույնպես անհնար է: Համայնքապետարանն անգամ ամռանը սառն ու ցուրտ է, անհրապույր, փոշոտ: Համայնքի գրադարանը տեղակայված է այս շինությունում, գրականությունը շատ հին է եւ նույնքան անբարետես, որքան շինությունը:

Ի հակադրություն այս իրողության, Ճամբարակի վարչատարածքի æիլ եւ Շորժա գյուղերի գրադարանները թեպետ եւ չունեն գերազանց գրադարանային տարածքներ, սակայն եղած հնարավորություններն էլ օգտագործվում են հոգատարությամբ: æիլի գրադարանն ունի 6070, իսկ Շորժայի գրադարանը՝ 2364 կտոր գրականություն հայերեն եւ ռուսերեն: Հայերեն գրքերը կազմում են գրքային ֆոնդի 1/7-ը: Գրադարանային հավաքածուները նորացման եւ համալրման կարիք են զգում, սակայն եղածն էլ պահպանվում է խնամքով ու պատասխանատվությամբ:

Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիետա Ամիրխանյանը նշում է, որ 2005թ.-ին ՀՀ կառավարության կողմից 2916 կտոր գրականություն է հատկացվել իրենց՝ համայնքային ենթակայության գրադարաններին բաշխելու համար: Համայնքային գրադարաններին գրականություն է հատկացվում նաեւ տարբեր նվիրատու անձանց եւ կազմակերպությունների կողմից: Հաճախ դժվար է կապ հաստատել գյուղական գրադարանների հետ: Համայնքապետերն էլ իրենց հերթին հետեւողական չեն գրադարանների պահպանման եւ համալրման խնդիրների լուծման հարցում: Դժվար է նաեւ գյուղական գրադարանների գործունեության վերաբերյալ նոր եւ հավաստի տեղեկատվության ձեռքբերումը: Թեեւ մտահոգված են, սակայն միայն մտահոգությամբ հնարավոր չէ պահպանել եղածը եւ զարգացնել գրադարանային գործը:

Գրադարանների հավաքածուների պահպանման եւ հնարավոր կորուստների կանխման հարցերն առաջնահերթ հոգածության կարիք ունեն: Գյուղական բնակավայրերում գրադարանները պարզապես մոռացված հաստատություններ են: Մշակութային կյանքին չմասնակցող երեխաները, պատանիները, երիտասարդները միայն գրադարաններ հաճախելով կարող են մասնակի լրացնել այդ բացը: Շատ գրադարանավարներ նշում են, որ ակտիվ ընթերցողներ են նաեւ կենսաթոշակառուները, հատկապես հիվանդ եւ անկողնային տարեցները: Հեռուստատեսային եւ հատկապես սերիալային գրոհին դատապարտպած մեր ազգաբնակչության, մասնավորապես երեխաների եւ երիտասարդության, համար որքա~ն կարեւոր է ներկայումս ընթերցանության նկատմամբ հարգանք եւ սեր դաստիարակելը, այդ սերն ու հարգանքը պահպանելը:

Մինչդեռ գյուղական գրադարանների ներկան վտանգված է: Իսկ վտանգված ներկան վտանգում է նաեւ շատ գյուղերում մշակութային եւ կրթական եզակի հաստատությունների հետագա գործունեությունը:

Լուսինե Թոփլաղալցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter