
Դատավորն ասում է՝ նվիրատվություններն ընտանիքի «կարիքները հոգալու համար» է ստացել՝ հարազատներից և ընկերուհիներից
Ելիզավետա Դանիելյանը 1991 թվականից աշխատում է դատական համակարգում։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է 2009 թ.-ից։
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերից երևում է, որ Դանիելյանի՝ 2011-2018 թթ տարեկան եկամուտը՝ աշխատավարձը, կազմել է 13-16 մլն ՀՀ դրամ։ Նույն ժամանակահատվածում դատավորի տարեկան դրամական միջոցները կազմել են 300-500 հազար դրամ։
Բացի աշխատավարձից, Ելիզավետա Դանիելյանն այս տարիների ընթացքում 5 անգամ նվիրատվություն է ստացել։
Մասնավորապես՝
2013 թ․-ին դատավորը ստացել է 895 եվրո
2014 թ-ին՝ 1000 և 2000 ԱՄՆ դոլար և 10 հազար ռուսական ռուբլի
2015 թ-ին՝ 4000 ԱՄՆ դոլար
2016 թ-ին՝ 2000 ԱՄՆ դոլար
Ընդհանուր առմամբ՝ 2013-2016 թվականներին Դանիելյանը ստացել է մոտ 5 մլն ՀՀ դրամի նվիրատվություն։
Դատավորը data.hetq.am-ին հայտնեց, որ այդ նվիրատվություններն արել են իր հարազատներն ու ընկերուհիները։ Մասնավորապես, դատավորի պարզաբանման մեջ նշվում է․
«2013թ.-ին իմ կողմից հայտարարագրվել է Աշոտ Դանիելյանից նվիրատվությամբ ստացված 895 եվրո գումար։ Աշոտ Ռեմիկի Դանիելյանը հարազատ եղբայրս է, բնակվում է Լիտվայում։
2014 թ.-ին հայտարարագրվել է
1) Աշոտ Դանիելյանից՝ 2000 ԱՄՆ դոլար
2) Ելենա Հարությունյանից՝ 1000 ԱՄՆ դոլար։ Ելենա Հարությունյանը մտերիմ ընկերուհիս է՝ ներկայումս բնակվող ԱՄՆ-ում։
2015 թ.-ին հայտարարագրվել է
1) Աշոտ Դանիելյանից՝ 2000 ԱՄՆ դոլար
2) Մարինա Եփրեմյանից՝ 2000 ԱՄՆ դոլար։ Մարինա Եփրեմյանը մտերիմ ընկերուհիս է՝ ներկայումս բնակվող ԱՄՆ-ում։
2016 թ.-ին հայտարարագրվել է Աշոտ Դանիելյանից ստացած 2000 ԱՄՆ դոլար»։
Ելիզավետա Դանիելյանը պարզաբանել է նաև, որ նվիրատվությունների մի մասը ստացել է իր 50-ամյա հոբելյանին, իսկ մյուս մասը՝ ընտանեկան տարբեր կարիքներ հոգալու նպատակով։
«Միայն ենթադրելով, թե ինչ կարող է Ձեզ հետաքրքրել, ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ նշված ժամանակահատվածում և մինչ օրս հանդիսանում եմ ընտանիքում հիմնական կայուն եկամուտ ունեցող անձը, ամուսինս՝ Ռոբերտ Զախարյանը, կենսաթոշակառու է և կյանքի ցուցումով ստանում է թանկարժեք չհատուցվող դեղորայքային բուժում, երեխաներս այդ ընթացքում եղել են անչափահաս, սովորել են տարբեր կրթական օջախներում, բացի այդ, ընտանիքի անդամներս ունեն բազմաթիվ կենցաղային, մշակութային, բժշկական խնդիրներ»,- նշել է դատավորն իր պատասխանում։
Ելիզավետա Դանիելյանի ամուսինը 2018 թ.-ին նույնպես նվիրատվություն է ստացել՝ 100 հազար ՀՀ դրամի չափով։ Նույն տարում Ռոբերտ Զախարյանը շուկայում գոյություն չունեցող ցածր գնով` 100 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել BMW 318 ավտոմեքենա։ Այդ տարի նա վաճառել է 24 մլն դրամ արժողությամբ բնակարանը, որից միայն 12 մլն դրամն է ներկայացրել՝ որպես գույքի օտարումից ստացված եկամուտ։
Անդրադառնալով ամուսնու ստացած նվիրատվությանը՝ Ելիզավետա Դանիելյանն ասաց, որ ուսումնասիրել է նշված ժամանակաշրջանի՝ իր ամուսու հայտարարագրերը, բայց «չի հայտնաբերել նման որևէ փաստ կամ տեղեկություն»։
Մեկնաբանել