
«Գուգլը» WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը
WCIT 2019-ի հովանավոր «Գուգլը» Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ իր ղեկավարած ԱՏՁՄ-ի անունից նշելով որ կրկնապատկում է այդ թիվը։
30 անվճար տոմսերը կտրամադրվեն առաջին դիմողներին։ Հոկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 9։00-ին WCIT 2019-ի ֆեյսբուքյան էջում կհայտնվի հայտը, որն անհրաժեշտ է լրացնել՝ նշելով անուն, ազգանուն, այլ տվյալներ, կցել անձնագրի և ուսանողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենները։
«ԱՏՁՄ-ն կարևորում է կթրությունն ու ՏՀՏ ոլորտի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը։ Ավելի վաղ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն մասնակցության 100 անվճար տոմս է շնորհել Հայաստանի համալսարանների լավագույն ուսանողներին, որոնց ներկայացրել են ՏՏ, ճարտարագիտություն և բնական գիտություններ դասավանդող համալսարանները»,- նշել է WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Դասախոսների, ուսանողների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար նույնպես մասնակցության բացառիկ հնարավորություն է սահմանվել։
WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր հետևել է միջոցառման անցկացման վայրի նախապատրաստական աշխատանքներին։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ֆոտոշարքը հասանելի է միջոցառման flickr-ի պաշտոնական էջում՝ WCIT 2019 Yerevan:
***
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Մեկնաբանել