Սերժ Սարգսյան. «Շուշիի ազատագրումը ցույց տվեց, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»»
Նախագահի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը և կերտելու էր նոր Հայաստան:
Հայության համար երկրորդ աշխարահամարտն իսկապես Մեծ հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե սփյուռքը, թե Հայաստանը տվեցին ինչ կարող էին: Եվ տարբեր ճակատներում, և դիմադրության ու պարտիզանական շարժումներում, և թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ պսակեցին իրենց անունը:
1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ:
Այսօր և մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի և բարբարոսության նկատմամբ: Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն և որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրև բարոյական և քաղաքական լիցք:
Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք և, եթե հարկ լինի, այսուհետ ևս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների և ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլևս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները:
Սիրելի հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է և նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիք սերնդի, որ վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը և շարունակելու է կերտել նոր' ավելի լավ Հայաստան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել